Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այսօր առավոտից առանձին-առանձին այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրանք դաշնամուրի կենդանի նվագակցության ուղեկցությամբ մոտենում են, ծաղկեպսակներ են դնում հուշահամալիրին, ապա կարմիր վարդեր՝ անմար կրակի մոտ:
Երեւանում այս պահին անձրեւում է:
Նշենք, որ այս պահի դրությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ միայնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ միայնակ:
Նշենք, որ նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։















