Էստոնիայի հոգեւոր առաջնորդ Ուրմաս Վիիլման հատուկ ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության հիշատակման 105-ամյակի առթիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հավելյալ տեքստում նա նաեւ հիշատակում է էստոնացի միսիոներական Աննա Հեդվիգ Բյուլին, ով հազարավոր հայ որբերի կյանքեր փրկեց։

Անչափ շնորհակալ ենք մեր էստոնացի բարեկամներին այսօր մեր կողքին լինելու համար»:

Էստոնիայի Ավետարանական լյութերանական եկեղեցու առաջնորդը մասնավորապես, նշել է.

«Հայաստանի եւ ողջ աշխարհի հայկական սփյուռքի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր։

Պողոս առաքյալն ասում է՝ «եթե մեկ անդամը տառապում է Քրիստոսի մարմնում, ապա մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ» (1 Կորնթ. 12։26)։» Այսօր, երբ դուք ոգեկոչում եք Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացած ցեղասպանության սարսափելի տառապանքները, մենք էստոնական ավետարանական լյութերանական եկեղեցում հիշում ենք ձեզ մեր մտքերում եւ աղոթքներում։

Մենք տեղյակ ենք, որ այս տարվա հիշատակի արարողությունները, պայմանավորված կորոնավիրուսի կողմից պարտադրված հատուկ հանգամանքներով, տարբերվում են, քանի որ շատ վայրերում հասարակական հավաքները թույլատրված չեն: Բայց ամբողջ աշխարհում մարդիկ դեռ հիշում են ձեզ եւ ձեր նախնիների հանդեպ գործած անարդարությունը:

Եկեք աղոթենք․․․

Ամենակարող Աստված, Ձեր խաղաղությունը տվեք բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրեցին իրենց կյանքը եւ իրենց սիրելիներին, նրանց, ովքեր ստիպված եղան փախչելու իրենց տներից եւ տեղահանվեցին:

Տեր, Դու արդարության Աստված ես, ուստի մենք աղոթում ենք, որպեսզի այս ցեղասպանությունը նախաձեռնածների եւ իրականացրածների սերունդները կարողանան ճանաչել դրա պատմական ճշմարտացիությունը:

Մենք նաեւ աղոթում ենք մարդասպանների եւ զոհերի սերունդների միջեւ խաղաղության եւ հաշտության համար: Որովհետեւ Դու ողորմության եւ ներողամտության Աստված ես, փոխիր մարդկանց սրտերն ու մտքերը, որպեսզի այդպիսի սարսափելի հանցագործություններ այլեւս չկրկնվեն:

Յանուն Հoր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն։