Վրաստանի նախկին վարչապետ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Գերագույն Ռադան կհավաքի անհրաժեշտ ձայները իրեն Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնին նշանակելու համար: Այս մասին նա ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ ձայները կհավաքվեն: Ես լավատեսորեն եմ տրամադրված»,-ասել է նա:

Նա նաեւ պատմել է, որ հետաքրքիր հանդիպում է ունեցել «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ:

Ապրիլի 22-ին նա հայտարարել է, որ Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկուց եւ խոստացել է փոփոխությունների իր ծրագիրը ներկայացնել Գերագույն ռադա:

2015-ի մայիսին Պորոշենկոն վրացի քաղաքական գործչին ուկրաինական քաղաքացիություն է տվել եւ նշանակել Օդեսայի նահանգապետ։ Այդ պաշտոնը Սաակաշվիլին զբաղեցրել է մեկուկես տարի, ինչից հետո անցել գործող նախագահի ընդդիմության շարքեր։ 2017-ի ամռանը  Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել է քաղաքացիությունից, իսկ 2018-ի փետրվարին ուկրաինական հատուկ ծառայությունները կալանավորել են նրան, արտաքսել երկրից եւ արգելել մտնել երկիր մինչեւ 2021 թվականը։

Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Սաակաշվիլու քաղաքացիությունը։ Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձել մայիսի 29-ին։