«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները պատրաստ չեն նույնիսկ որոշ ժամանակով եւ հատկապես ստեղծված իրավիճակում իրենց լիազորությունները զիջել հանրապետության կառավարությանը: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ այս տարի նա այլեւս չի դիմելու խորհրդարան պետբյուջեում փոփոխություններ կատարելու հարցով, ինչը մի շարք հարցեր հարուցեց Մարուքյանի մոտ: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց` արդյո՞ք դա նշանակում է, որ կառավարությունը, փաստորեն, մտադրություն ունի ինքնուրույն քննել պետական բյուջեի վերանայման հարցերը` առանց խորհրդարանի հետ համապատասխան խորհրդատվությունների եւ քննարկումների: Ըստ խորհրդարանականի, կառավարությունն, ըստ էության, ցանկանում է ազատվել օրենսդիր մարմնի վերահսկողությունից` արձակելով իր ձեռքերը բյուջե կազմելու առումով եւ անհրաժեշտության դեպքում միջազգային դոնորներից լրացուցիչ վարկ ներգրավելու համար: Սակայն Մարուքյանը միանշանակ պատասխան չստացավ իր հարցին հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից:
Պատգամավորը համոզված է, որ իշխանությունները բիզնեսին եւ բնակչությանն աջակցելու սխալ ռազմավարություն են ընտրել: Նա հերթական անգամ նշեց, որ կառավարությանը հաջողվել է որոշակի միջոցներ հավաքել, եւ 100 մլրդ դրամը բավարար կլիներ բիզնեսին եւ բնակչությանն իրական աջակցություն տրամադրելու համար: «Մենք այդ գումարն ունենք: Շատ երկրներում իշխանությունները ՀՆԱ 5-16%-ի չափով գումար են հատկացրել: Մեզ մոտ այդ ցուցանիշը կամզում է 0%: Այդ գումարը մարդկանց տվեք: Միայն Ռուսաստանից անցած տարի ստացել ենք 600 մլն դոլար: Մարդկանց աշխատանքի շնորհիվ է հաջողվել դրական արդյունք գրանցել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:











