Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մոտ է աղետին։ Այս մասին «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում․
«Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկրում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Պարենային առումով՝ ոչ միայն այս կորոնավիրուսի, այլեւ՝ ցանկացած ֆորսմաժորի հետևանքով, ցանկացած իրավիճակում զարգացման, գոյատևելու գլխավոր պայմանը պարենն է, ուտելիքն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Աշնանացանի ծավալները ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի պարենային ավտանգության խնդրի լուծմանը կարող է նպաստել, ասել է Արցախի ընտրված նախագահը, ավելացրել, որ ամբողջովին պետք է օգտագործվեն հողատարածքները, որպես վարելահող եւ գյուղատնտեսական այլ նպատակներով։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների հետ միասին կլուծվի այդ կարեւորագույն խնդիրը։
Էներգետիկ անվտանգության առումով Արայիկ Հարությունյանը, հիշեցնելով ՀՀ վարչապետի խոսքերը, թե հնարավոր են հոսանքի անջատումներ, նշել է, որ
«Հայաստանի, իսկ Հայաստան ասելիս ես նկատի ունեմ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, գլխավոր էներգետիկ ռեսուրսները ներկրվում են, այսպիսի վիճակը պարբերաբար վտանգված է՝ սկսած աշխարհաքաղաքական և նաև ֆինանսական (եթե վճարման խնդիր լինի) առումներով, ուստի, էներգետիկ անվտանգությունը մեր գլխավոր խնդիրներից է։ Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել․ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ շարունակվելու է էներգետիկ անկախության ծրագիրը․ արևային էներգիայի զարգացման քաղաքականություն է իրականացվելու, գազիֆիկացում, հոսանքի գնի իջեցում։
Հաջորդ կարևոր բանն, ըստ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի՝ համերաշխությունն է։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի պայմաններում պահպանել անվտանգության կանոնները։
Ա․Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախ/Տեղեկատվական շտաբին ու առողջապահական կառույցներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկողության տակ պահելու, վարակի տարածման ռիսկերից մարդկանց ապահովագրելու համար։
«Երեկ զբոսնելով Ստեփանակերտում, ուզում եմ ասել, որ պետք է գիտակցենք վտանգները, զգույշ լինենք, դուրս գալիս սոցիալական հեռավորություն պահպանենք, մեր տան անդամների հանդեպ հոգատար լինենք։ Խնդրում եմ բոլորին՝ պահպանել կանոնները», ասել է Ա․Հարությունյանը։
Արցախի նորընտիր նախագահը պատմել է, որ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ Սամվել Բաբայանի, Մասիս Մայիլյանի, Դաշնակցական գործիչների հետ․
«Շատ կառուցողական հանդիպումներ էին։ Ես ընտրարշավի ընթացքում էլ էի բոլորին հորդորում, որ առաջ պետք է շարժվենք համերաշխ մթնոլորտում, ներողամիտ լինելով միմյանց նկատմամբ։ Ես մեր անելիքը աշխատանք կամ ծառայություն չեմ համարում, այլ առաքելություն», ասել է Ա․Հարությունյանը։
Կադրային նշանակումների առումով ԱՀ նտրված նախագահն ասել է, որ դեռևս որևէ որոշում չի կայացրել, որոշումները կլինեն մայիսի 21-ից հետո, երբ ստանձնի երկրի նախագահի պաշտոնը։ Նաեւ ավելացրել է, որ իր աշխատանքում մեծապես կարեւորում է հաշվետվողականությունը։
«Զրույցի» սկզբին Ա․Հարությունյանը շնորհավորել է բոլորին Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։











