ՀՀ կառավարությունը պետք է կարողանա ինքնուրույն տեղորոշել այն քաղաքացիներին, ովքեր օգնության կարիքն ունեն, եւ անել դա առանց որեւէ լուրջ դժվարությունների. չէ որ դրա համար այն մի ամբողջ մեխանիզմ է մշակել: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա` քաղաքացիները հատուկ դրա համար գրանցվում են կառավարության կողմից մշակված հավելվածում` իշխանությունների աշխատանքը հեշտացնելու համար, սակայն հավելվածները մինչ այժմ իրենց չեն արդարացնում: «Քաղաքացին գրանցվում է, իսկ հետո դուք ասում եք` կներեք, համակարգը չի թարմացվել, սպասեք` մինչեւ այն կթարմացվի: Դա քաղաքացու հոգսը չէ: Կարգի բերեք ձեր համակարգը, որպեսզի քաղաքացիները եւ շահառուները կարողանան օգտվել ձեր կողմից մշակված աջակցության ծրագրերից»,- ասաց պատգամավորը:
Նա, մասնավորապես, կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման խնդրին, այդ թվում` նրանց, ովքեր որեւէ լուրջ հաջողություն չեն գրանցել ուսումնական գործընթացում:











