Հանրաքվեն տեղի չի ունենա, քանի դեռ վտանգավոր է բազմամարդ միջոցառումներ անցկացնելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՔՊ վարչության նիստին քննարկվել է պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի եւ Աննա Կարապետյանի պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը, Մակունցն ասաց.
«Նիստերը սովորաբար տեղի են ունենում երեքշաբթի օրերին։ Կարող է օրակարգում լինել տարբեր հարցեր, օրինակ՝ կորոնավիրուսին առնչվող հարցեր եւ այլն։ «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր, իսկ թե այդ հարցերն այս փուլում ինչին են առնչվում, թույլ տվեք՝ ես դա չհրապարակեմ, որովհետեւ դրանք ներքին հարցեր են։ Չեմ հրապարակի ոչ միայն կարգապահական բնույթի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում նաեւ՝ անուններ չհնչեցնել։
Խնդրում եմ իմ արձագանքը չընկալել որպես հաստատուն ձեր հարցի։ Տարբեր բնույթի հարցեր քննարկելը որեւէ խնդիրների մասին չի խոսում, հակառակը, խոսում է այն մասին, որ մենք շատ աչալուրջ ենք բոլոր տեսակի հարցերի նկատմամբ, եւ դրանց տալիս ենք արագ եւ շուտափույթ լուծում։ Չեմ հաստատում եւ չեմ հերքում որեւէ բան»։
Մակունցն ասաց, որ գոհ կամ դժգոհ լինելու հարց չի քննարկվում խմբակցությունում։
Լրագրողի հարցին՝ արդյոք խմբակցությունը կարո՞ղ է պատգամավորի մանտադը վայր դնել, եւ արդյոք դա հակասահմանադրական չէ՞, Մակունցն ասաց. «Բովանդակային որեւէ հարցի այս պահին չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ բոլոր հարցերն առնչվում են խմբակցության ներքին հարցերին»։
Լրագրողի դիտարկմանը, որ վերջին 2 տարվա ընթացքում հաճախակի են դարձել այն դեպքերը, որ կալանավորման որոշումից հետո անձը փախուստի է դիմում, հարցին՝ ում թերացումն է դա, Մակունցը հարցին պատասխանեց ընդհանրական ձեւով.
«Նախորդ շաբաթ էլ այդ առումով հնչեցրի առաջարկ, որ, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունը բաց է եւ համագործակցային է իրավապահ համակարգին օգնել՝ տրամադրել բոլոր լրացուցիչ գործիքները, որոնք իրենց աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։ Մենք առաց նրանց հետ աշխատելու, համագործակցելու գործիքներ ստեղծելուն այդքան էլ հակված չենք, որովետեւ հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ցանկացած նմանատիպ գործիք կարող է օգուտ տալ եւ տասը այլ բանին վնասել։ Հետեւաբար մենք ակնկալում ենք իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։ «Իմ քայլը» խմբակցության անունից չեմ կարող չհնչեցել մտահոգություն՝ նմանատիպ դեպքերի առնչությամբ»։
Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձներին՝ Մակունցը չցանկացավ որեւէ մեկնաբանություն հնչեցնել. «Բովանդակային մասին էլ պետք է իրավապահ մարմիններն անդրադառնան»։











