Հեղափոխությունը ոչ միայն չի ավարտվել, այլ այն գտնվում է ակտիվ շրջանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Հայաստանը 2019 թվականը ամփոփեց վերջին տասնամյակի համար ռեկորդային տնտեսական աճով եւ պետական բյուջեն 2017 թվականի համեմատ աճեց 43 տոկոսով։ Հայաստանում փակվել է օլիգարխիայի էջը, նախկին օլիգարխներից շատերը, որոնք 2–3 տարի առաջ նստած էին այս դահլիճում կամ վերադարձել են օրինականության դաշտ, վճարում են հարկեր, առնվազն հավասար են մյուս բոլոր քաղաքացիներին, իսկ ոմանք հետապնդվում են օրենքի կողմից»,– ասաց նա։

պատգամավորի խոսքով՝ մեծ ձեռքբերումներ ունենք նաեւ ռազմական ոլորտում. «Հայաստանն այս ընթացքում ձեռք է բերել աննախադեպ քանակ եւ որակի զինտեխնիկա, երկրում մեկնարկել է ռազմական տեխնիկայի արտադրություն, բանակում տեղի են ունեցել հեղափոխական փոփոխություններ։ Ներքաղաքական բոլոր փոփոխություններն անդրադարձել են Հայաստանի հեղինակության վրա։ Հայաստանն այժմ ընկալվում է, որպես բարձր սյուբեկտայնություն ունեցող պետություն, որը ոչ թե առաջնորդվում է «իզմ»–երով կամ «պրո»–ներով, այլ սեփականերկրի ու ժողովրդի երկարաժամկետ շահերով, պետությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով եւ ինքնիշխանության բարձր գիտակցումով»։

Նրա խոսքով քաղաքականությունն այլեւս երեսպաշտություն չի ենթադրում. «Քաղաքականություն կոչվածն, այլեւս ներքին բզկրտոցների, ինտրիգներ, երեսպաշտություն, թիմերի բաժանում ու իրար միս կրծել չի ենթադրում։ Քաղաքականությունն այլեւս անբարոյականություն չէ»։

Նրա խոսքով՝ միայն երեկ ընդունել են 3 օրենք, որոնք փոխելու են քաղաքացիների կյանքը. «Կերի մասին օրենքը բարձրացնելու է՝ մսի, կաթի ու այլ սննդամթերքների որակը։ Լիզինգի օրենքը, որը մեր քաղաքացիներին եւ գործարարներին մեծ հնարավորություններ է տալու գնելու՝ ավտոմեքենա, անշարժ գույք եւ այլն։ կան նաեւ օրենքներ, որոնք դեռ չստորագրված, ուժի մեջ չմտած, արդեն հրաշքներ են գործում, օրինակ մենք վերջին 1 ամսվա ընթացքում դիտարկում ենք, թե ինչպիսի սրացումների տեղիք է տվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը»։