Ազգային ժողովի հերթական նստաշրջանն այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվում է: Խորհրդարանում երկու օր է՝ քննարկվում է կառավարության 2019 թվականի գործունեությունը: Այսօր սպասվում է, որ խորհրդարանում եզրափակիչ ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այս հարցի քննարկումից հետո խորհրդարանականները կքննարկեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 2019 թվականի գործունեությունը:

Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են նաեւ՝

•             «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,

•             Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,

•             «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,

•             «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,

•             «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

•             «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

•             Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին: