«Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն այսօր վավերացրել է խորհրդարանը, չի հակասում ընտանիքի ինստիտուտին, չի ստեղծում ընտանիքի նոր մոդել: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ նիստում 2019 թվականին ՀՀ օմբուդսմենի գործունեության մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ դիմելով մարդու իրավունքների պաշտպանին եւ նրանից հետաքրքրվելով, թե ինքն անձամբ ինչ վերաբերմունք ունի տվյալ Կոնվենցիայի նկատմամբ:

Տիգրանյանը նշեց, որ Կոնվենցիան ոչ միանշանակ է ընդունվել հայ հասարակության կողմից եւ նույնիսկ որոշ պրոֆեսիոնալ շրջանակների կողմից: Նա հույս հայտնեց, որ օմբուդսմենի գրասենյակը կսկսի տեղեկատվական արշավը:

Ի պատասխան՝ օմբուդսմեն Արման Թաթոյանը նշեց, որ Հայաստանում կա բնակչության չիրազեկվածության խնդիր: «Այդ կոնվենցիան օրինակներից մեկն է, որ ՀՀ իշխանությունները բավարար չեն աշխատել բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ»,-նշեց նա: