Իշխանության ներկայացուցիչ կանայք վերջին օրերին շեշտում են, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլեւ՝ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Լուսինե Բադալյանի հարցին՝ արդյոք ընդդիմադիր կին պատգամավորն իշխանության կին պատգամավորի նկատմամբ ունի՞ առավելություն։ Նա նաեւ նշեց, որ Թաթոյանը հնչեցրել է հետեւյալ միտքը՝ «խոսքը վերաբերում է կնոջը՝ այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին»:

Թաթոյանն արձագանքեց, որ ինքը երբեւէ չի ասել՝ ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ. «Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը ոչ բոլոր տեղերում է։ Ես հո չե՞մ միջամտում քաղաքական քննարկումներին. դա իմ գործը չէ։ Արվել են հայտարարություններ, որոնք առնչվել են ընտանիքի անդամների, այդ թվում՝ իշխանության հետ կապված։ Ես դրանք անպայման կուղարկեմ ձեզ։

Ինձ համար նշանակություն չունի, թե ով ում նկատմամբ առավելություն ունի, սակայն, երբ խոսքը գնում է իշխանության մասին, պաշտոնյայի մասին, ՄԻՊ-ը նրա համար չէ, որ իրականացնի այդ պաշտպանությունը: Օրենքն ասում է, որ պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին»։

Բադալյանն արձագանքեց, նշելով, որ ՄԻՊ-ն այսուհետ պետք է ավելի ուշադիր լինի իրավունքների պաշտպանմանը. «Հատկապես իշխանության ներկայացուցիչ կանայք ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլ կոնկրետ ահաբեկման։ Մեր հասարակության որոշակի շերտեր ընդհանրապես ծանոթ չեն ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 3-րդ գլխին։ Կարծում եմ՝ պետք է աշխատանքներ կատարվեն հավասար իրավունքներ քարոզելու եւ, ընդհանուր առմամբ, Սահմանադրության որոշակի կետերի՝ հասարակությանը ծանոթացնելու համար»։