Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 11-ին, քննվում էր «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի և տուժողի իրավահաջորդների բողոքը, ինչը, սակայն, հերթական անգամ հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ Աբգարյանին պաշտպանելու համար ներգրավվեցին նոր պաշտպաններ, որոնք գործի նյութերին ծանոթ չէին։
Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացվել է որոշում՝ Վ.Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին։
Նախորդ նիստերի ընթացքում վերաքննիչ բողոքը ներկայացրել էր դատախազը, որից հետո մի քանի անգամ պաշտպանության կողմի տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, ներկայացնելով իրենց բողոքը, հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումն անհիմն է, չպատճառաբանված, եւ, որ նման որոշում կայացնելով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Բողոքի ներկայացմանը ներկա էր նաեւ այլ գործով Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը, որին դատարանը դուրս հրավիրեց նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։
Մարինա Պողոսյանը նիստերի դահլիճում հայտարարեց, որ դատավորն ադեկվատության հետ խնդիր ունի, եւ, որ ինքը դատական նիստը չէր ձայնագրում. «Ես մշտադիտարկում եմ անում, ու դուք խնդիր եք ունենալու» ։
Լուսինե Սահակյանը շարունակելով բողոքի ներկայացումը, հայտնեց, որ այս գործով վկա Արթուր Մնացականյանի նկատմամբ Մոսկվայում ապօրինի ազդեցություն է գործադրել Մարինա Պողոսյանը։
«2020 թվականի ապրիլի 1-ին գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից ընդհանուր իրավասության դատարանին ներկայացվեց պաշտոնատար անձանց զրպարտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ 2020 թվականի հունվարի 23-ին հարցաքննված, սույն գործով վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքը: Այդ ցուցմունքով Արթուր Մնացականյանը ներկայացրել է իր վրա ապօրինի ազդեցության աղաղակող փաստեր այն մասին, որ ՌԴ տարբեր քաղաքներում իր հետ հանդիպումներ են ունեցել Վահագն Աբգարյանի մտերիմները, այդ թվում՝ Մարինա Պողոսյանը: Արթուր Մնացականյանին հորդորել, համոզել են ներկայանալ ընդհանուր իրավասության դատարան, հրաժարվել նախաքննության ընթացքում իր կողմից տրված, Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներից: Արթուր Մնացականյանին երաշխավորել են, թե Վահագն Աբգարյանը շուտով ազատության մեջ է հայտնվելու, ապա համոզել են, որ հրաժարվի նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներից, զրպարտի դատախազության ու քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց: Վկային ուղիղ է ասվել. «Դու էլ ես հասկանում, որ քեզ համար ամեն ինչ լավ կլինի, պետք չի, որ Վահագն Աբգարյանի պես թշնամի ունենաս», որից հետո նա համաձայնվել է գալ Հայաստան, ներկայանալ դատարան ու սուտ ցուցմունքներ տալ դատարանում»,- վկայի ցուցմունքը հակիրճ ներկայացրեց Սահակյանը։
Լուսինե Սահակյանն ասաց, որ Վահագն Աբգարյանի ազատության մեջ լինելու պարագայում, ակնհայտ է ինչպես իրականացվող քննությանը խոչընդոտելու, քննությունից թաքնվելու, այնպես էլ նոր հանցագործություններ կատարելու վտանգը։
Սահակյանը կոնկրետացրեց, թե ինչ խոչընդոտման մասին է խոսքը։ Նա ներկայացրեց գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, որոնք վկայում են այդ ազդեցության մասին.
«Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ այս գործի նախաքննության ընթացքում Վահագն Աբգարյանը ոչ միայն ապօրինի ազդեցություններ է ունեցել դատավարության մասնակիցների վրա, այլ շատ դեպքերում նրա կողմից ազդեցությունը կրել է հրամանի բնույթ, ու նրա կողմից հրաման ստացած՝ դատավարության մասնակիցները, օրինակ Վլադիմիր Դավթյանը, Արթուր Մնացականյանը եւ բազմաթիվ վկաներ այս կամ այն հանգամանքը ցուցմունքներով ներկայացնելու մասին հրամանը կատարել են անշեղորեն, ինչը արտացոլված է նրանց` քրեական գործում առկա ցուցմունքներից շատերում։ Գաղտնալսումներում ամրագրված՝ Վահագն Աբգարյանի հրաման-ցուցումները, օրեր անց անշեղորեն արտացոլվել են այն անձանց ցուցմունքներում, ովքեր ստացել են այդ հրահանգները։ Ավելին` Վահագն Աբգարյանի կողմից փաստացի ղեկավարվել է նաեւ քրեական գործով նախաքննության ընթացքը, առնվազն մինչեւ քրեական գործով հետագա քննությունը ՔԿ ՀԿԳ ՔԳՎ վարույթ տեղափոխվելը։ Այսինքն ամբաստանյալի կողմից քննությանը խոչընդոտելը դրսեւորվել է նաեւ վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը վերահսկելով ու փաստացի համակարգելով։ Ամբաստանյալի կողմից վկաներին հրահանգավորելու, դրանով իսկ քննությունն ուղղորդելու փաստերի մասին է վկայում նաեւ գործով վկա Արտակ Հենրիկի Հարությունյանի նախաքննական ցուցմունքը»։
Սահակյանը նկատեց նաեւ, որ առկա է ամբաստանյալի կողմից քննությունից թաքնվելու վտանգ. «Ավելին`կարծում ենք, որ կոնկրետ ամբաստանյալի պարագայում այդ վտանգը գործի քննությանը զուգահեռ ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Մինչ օրս արդեն դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը, դրանց թվում նաեւ վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքներն անխուսափելի են դարձնում ամբաստանյալի պատասխանատվությունը իրականացված հանցագործության համար, ինչը, բնականաբար, ավելացնում է նրա կողմից թաքնվելու վտանգը։ Կարծում ենք՝ տեղին չեն այս առումով ամբաստանյալի պնդումներն այն մասին, թե սպանությունից հետո իր կողմից քննությունից չթաքնվելը վկայում է այդ վտանգի բացակայության մասին»։
Լուսինե Սահակյանը նաեւ շեշտեց, որ ամբաստանյալ Վահագն Աբգարյանի պարագայում առկա է նոր հանցագործություններ կատարելու վտանգ. «Ինչի մասին վկայում են ոչ միայն արդեն իսկ նրան վերագրված արարքների բազմաքանակությունը, այլեւ հետազոտված ապացույցներում ներկայացված փաստական տվյալները նախկինում հանցագործության համար դատապարտված անձանց ապօրինի միջամտությամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն ուղղված գործողությունների մասին, որոշակի նպատակով այլ անձանց հրազեն փոխանցելու, հետագայում այն թաքցնելու մասին եւ այլն»։
Բողոքի քննությունը հետաձգվեց եւ նշանակվեց մեկ շաբաթ հետո։ Նոր ներգրավված պաշտպանները պետք է ծանոթանան գործի նյութերին։
Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետԹաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։











