Ինձ համար անհասկանալի է այն մոլուցքը, որով հակադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդություններին. եւ՛ Կաթողիկոսի միջնորդությանը, եւ՛ վարչապետների, եւ ընդհանրապես այն բոլորի միջնորդություններին, ովքեր խոսում են այն բանի մասին, որ անմեղության կանխավարկածը պահպանելով պետք է իրականացվի դատավարությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ցանկացած մարդ, որը չի դատվել, նա անմեղ է։ Նույնիսկ եթե դու 100 տոկոսով համոզված ես՝ դիմացինդ ծանր հանցագործ է, վերջնական որոշում ընդունողը դատարանն է, քանի դեռ չկա դատարանի որոշում, ապա ամեն մարդու պետք է ընկալել անմեղ։ 20 տարի բռնադատված եմ եղել, այդ թվում 2 տարուց ավելի արտաքսված, հետո ինձնից ներողություն են խնդրել, ասել են՝ մենք սխալ էինք, դուք ճիշտ էիք։ Նույնիսկ դատված մարդը կարող է անմեղ լինել, ուր մնաց չդատված մարդը»,- ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ միջնորդությամբ են հանդես եկել նախկին վարչապետերն այն բանի համար, որ ոչ թե կասեցվի կա դատավարությունը, այլ անմեղության կանխավարկածը պահպանելով՝ փոխվի խափանման միջոցը։

«Ինչ-որ մարդիկ իրենց նույնիսկ թույլ են տալիս անդրադառնալ միջնորդությամբ հանդես եկող անձանց գործելակերպին ու կենսագրությանը։ Խոսքը մի հասարակ բանի մասին է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի փախել ու չի փուսափել քննությունից, նախաքննության ընթացքի վրա ազդելու որեւէ ապացույց չկա, ապա նա կարող է լինել ազատության մեջ, բայց դատավարությունը կայանա»,- ասաց նա։

Հայրիկյանը շեշտեց, որ դատարանները ճնշման տակ են գտնվում. «Որեւէ մեկի վրա ճնշում են գործադրում, որովհետեւ ինքը մի անգամ այո է ասել։ Իսկ կա՞ Հայաստանում մեկը, որ կարծում է՝ Հայաստանում դատավորների վրա ճնշում է գործադրվում , կա՞ այդպիսի տգետ, թե՞ մոռացել եք՝ ինչպես հրաման տրվեց ապօրինի հարձակում գործել դատարանների վրա։ Այսպիսով դատարանները ճնշման տակ են»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։