Զովունիում անդադար կրակոցներ են հնչում բնակելի վայրում հարյուրավոր թռչունների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը։

Նա նշեց, որ իրենք ահազանգել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին. «Երկու տեսուչ ժամանեցին Զովունի։ Փողոցի անկյունից իսկույն հայտնվեց մի տարեց մարդ ու իր ետեւից տարավ տեսուչներին։ Օդում լսվեցին ձայնային պայթուցիկի ձայներ, ինչպես հետո իմացա, Զովունու բնակիչը տեսուչներին բացատել էր, որ ընդամենը այս կերպ նրանք վախեցնում են թռչուններին։ Տեսուչներն էլ այս հեքիաթին հավատալով հեռացան Զովունուց եւ այսօր ընդերքի տեսչությունը հայտարարություն է տարածել, որ թռչուններին չեն կրակել, այլ ընդամենը կիրառել են ձայնային պայթուցիկ։ Ես նրանց ուղարկեցի իմ նկարած տեսանյութը , որում հստակ լսվում է հրացանի ձայնը, սակայն նրանք անտեսեցին եւ չարձագանքեցին, միայն հիմք ընդունեցին այդ բնակչի կողմնակալ վարկածը»։

Բնապահպանը շեշեց, որ այդ երկու ձայները իր պատշգամբից հստակ լսվում են, եւ, որ անհնար է շփոթել ձայնային պայթուցիկի ձայնը եւ որսորդական հրացանի ծանր ձայնը։