Կոնվենցիայի կետերից մեկը վերաբերում է կրթական ոլորտին: Այն երկրներին խրախուսում է իրենց ազգային կրթական ծրագրերում միջոցներ օգտագործել, որոնք երեխաներին թույլ են տալիս ճանաչել վտանգի առաջին նշանները եւ ռիսկերն իրենց սեռական անձեռնմխելիության համար եւ պաշտպանվել: Այս մասին մայիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, մեկնաբանելով ԵԽ-ի «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» կոնվենցիայի վավերացման շուրջ բարձրացած աղմուկը, հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ սա ամենեւին չի նշանակում, որ տարրական եւ միջին դպրոցում երեխաներն ուսումնասիրելու են, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը: «Խնդիրն այստեղ այն է, որ երեխային գիտելիքներ տրամադրվեն՝ հարմարեցված նրա տարիքին եւ պահանջմունքներին: Օրինակ՝ ինչպես ճանաչել մեծահասակների պահվածքում հնարավոր ահազանգերը, հասկանալ, որ իրենց այդ մեծահասակից վտանգ է սպառնում, եւ ինչպես առանց անհարմար զգալու դիմել մեծահասակների օգնությանը»,- պարզաբանեց խորհրդարանականը:











