ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարանի որոշմամբ ազատ չարձակելը գնահատում ենք քաղաքական հետապնդման հետագա փուլ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Որոշումը կստանանք վաղը, դատարանը դեռ չի տրամադրել կողմերին։ Կստանանք որոշումը ու կորոշենք հետագա գործողությունները։ Կարծում եմ՝ կբողոքարկենք։ Մենք սպասում ենք միշտ ցանկացած որոշման, որովհետեւ իրավաբանության մեջ հնարավոր է ամեն ինչ, բայց սա, իմ կարծիքով, իրավաբանության հետ առնչություն չունեցող գործունեություն է»,- ասաց պաշտպանը։
Օրբելյանը հայտնեց, որ գործով դատախազներն ասել են, թե «Կենտրոն» ՔԿՀ-ն կորոնավիրուսից պաշտպանվելու անվտանգ վայր է.
«Սա, մեր գնահատմամբ, ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու խնդիր է։ Հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը՝ պատասխանատվություն կրեն, մանավանդ երբ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» ՔԿՀ-ն շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար։ Դա ասել են դատախազները գործի ժամանակ, որ այնտեղ շատ լավ ու անվտանգ է կորոնավիրուսի տեսանկյունից։ Հույս ունեմ, որ ժամանակը կգա եւ նրանք հնարավորություն կունենան այդ անվտանգությունից օգտվելու»։
Հարցին՝ արդյոք խոչնդոտման ռիսկը զրոյակա՞ն է, Օրբելյանն ասաց. «Խոչընդոտելու ռիսկը մենք գնահատում ենք զրո, իսկ դատարանը գնահատել է նվազած»։
Օրբելյանը շեշտեց, որ եթե դատարանի այս որոշման մեջ հղում կատարվի «5-րդ ալիք» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործին, ապա դա կլինի այլ անձի անմեղության կանխավարկածի խախտում. «Պարոն Քոչարյանին այլ անձի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու փորձ կլինի։ Արմեն Թավադյանի գործն ակնհայտ մանիպուլյատիվ գործընթաց է, որը ստեղծված է պարոն Քոչարյանին բանտում պահելու համար»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէր։ Նա վիրահատվել է եւ գտնվում է «Իզմիրյան» բկ-ում։
Հիշեցնենք, որ փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։











