Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ մայիսի 14-ին, մեկնարկած Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստին Բաբայանը 3 հարց ուղղեց դատավորին։
«Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեւավորե՞լ եք քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով ՍԴ-ի կողմից իր կազմից հեշտակի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգով ՍԴ ունենալու կամաարտահայտություն, թե՞ ոչ։
Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեր լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի՞ իրագործվել, թե՞ ոչ։
Որպես ՀՀ քաղաքացի՝ արդյոք այս գործով տուժող համարո՞ւմ է իրեն նախագահող դատավորը»,- հարցրեց գործով ամբաստանյալ Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ պաշտանական կողմն այս ձեւակերպումներն ուղիղ մեղադրանքից են վերցրել, եւ, որ այս հարցերի պատասխանից է կախված՝ արդյոք իրենք ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնե՞ն դատարանին, թե՞ ոչ. «Մենք չգիտենք՝ դատավորը կողմնակա՞լ է, թե՞ ոչ»։
Նախագահող դատավորն ասաց, որ դատավարության կարգով դատավարության կողմերը հարցեր նախագահող դատավորին ուղղելու իրավունք եւ հնարավորություն չունեն, բայց որոշակի պարզաբանող հարցեր դատավարության կողմերն իրավունք ունեն ուղղել. «Եթե ձեր հարցի էությունն ուղղակիորեն առնչվում է առաջադրված մեղադրանքներին եւ մեղադրանքների էություններին։ Լինելով պրոֆեսիոնալ իրավաբան եթե անձը որեւէ քրեական գործով եթե տուժող է համարվում, բնականաբար, ճանաչվում է տուժող։ Այսինքն՝ ինձ համարել տուժող, թե՝ ոչ, այս պահին հանդես եմ գալիս որպես նախագահող դատավոր։ Ես ինքս ինքնաբացարկի հիմքեր չունեմ»։
Պաշտպան Սահակյանն էլ ասաց, որ միայն տուժող ճանաչված անձը չէ որ համարվում է տուժող, անձը կարող է լինել տուժող, բայց վարույթ իրականացնող մարմինն իրեն դատավարական կարգավիճակ տված չլինի. «Այստեղ այդ անձի մեղքը չի, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն դատավարական կարգավիճակ։ Եթե նայում ենք մեղադրանքի բովանդակությանը, շատ տարօրինակ կլիներ, որ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ բոլոր քաղաքացիներին ճանաչեր տուժող։ Բայց դա չի նշանակում, որ սույն մեղադրանքի ներքո ադ անձինք տուժող չեն համարվում, որովհետեւ այս մեղադրանքով նշված է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները տուժողներ են»։
Դատարանն առաջարկեց ավարտել հարցադրումները. «Այն ինչ ես եմ մտածում, դա հարցի այլ կողմն է»։
Պաշտպանական կողմն էլ ասաց, որ իրենք չստանալով իրենց ուղղած հարցերի պատասխանները չունեն հնարավորություն դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու եւ ըստ այդմ՝ չներկայացրին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:











