Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվող անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին գործով վկա Սարիկ Ասլանյանը, որը վթարի հետեւանքով մահացած վարորդի՝ Վաչագան Ասլանյանի որդին է, պատմեց, որ դեպքի վայրում տեսել է հորը, սակայն չի ճանաչել։
«Ժամը 14։00-ին պապան եկավ տուն՝ ուրախ տրամադրությամբ, իր ընդմիջման ժամն էր, հաց կերանք, դուրս եկավ, ես էլ մեքենայի վրա գործ էի անում։ Մեր փողոցից երեւում է, որ ինքն անցնում է, տեսա, որ անցավ մեքենայով, անցավ 4 րոպե շտապ օգնության ձայն լսեցի։ Միշտ զանգում եմ պապային, հարցնում եմ՝ ամեն ինչ նորմա՞լ է, զանգեցի չպատասխանեց։ Գնացել հասել եմ Զոդի մոտ ու տեսել եմ մեքենաներ են վառվում։ Չեմ ճանաչել, որ մեր մեքենան է, մոտեցել եմ մեքենային, հետեւի հատվածն ուժեղ վառվում էր։ Մոտեցել եմ պապայի ավտոյին, տեսել եմ պապային ու Ժենյային, չեմ ճանաչել։ Գնացել եմ հիվանդանոց, այնտեղ եմ հարցրել, բայց ոչ մեկ չեն ասել, թե պապան որտեղ է։ Հետ եմ գնացել Զոդի մոտ ու իմացել եմ, որ հայրս վառվել է։ Հիվանդաանոցում տեսել եմ Ծաղիկին ու բոլորին, ովքեր վառվել են»,- պատմեց գործով վկան։
Սարիկ Ասլանյանն ասաց, որ իր հայրը երբեւէ արագ չի վարել մեքենան. «Պապան հանգիստ քշող է եղել, 5 տավրվա վարորդ լինելով կարող եմ ասել, որ վթարից միայն կարող եմ ասել, որ «Պիկապի» վարորդն է արագ վարել մեքենան»։
Գործով ամբաստանյալի հարցին՝ արդյոք ինքը դեպքի վայրում տեսե՞լ է հրշեջ մեքենաներին, վկան ասաց՝ այո. «Դեպքը տեղի է ունեցել 15։10, ես 15։20 եղել եմ դեպքի վայրում ու տեսել եմ, որ հրշեջները ավտոմեքենաները հագցնում են ավտոմեքենաները»։
Ամբաստանյալի պաշտպանի հարցին՝ առավոտյան իր հայրը լիցքավորե՞լ մեքենայի գազի բալոնը, վկան ասաց՝ այո։
Ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։











