Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվող անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին գործով վկա եւ դեպքի մասնակից «ՎԱԶ 21063»-ի վարորդ Կարեն Ուլիջանյանը հայտարարեց, որ «Տոյոտա Հիլուքսի» վարորդը վթարի պահին արագ էր ընթանում։

«Երեւանից էի գալիս, հասել էի Զոդի կամրջի մեջտեղը «Տոյոտա Հիլուքսին» մի 2 մետր էր մնացել, որ անցներ միանգամից հարվածեց «Գազելի» ձախ մասին, գազի ձայն լսվեց։ Մենք մեքենայից իջանք, զանգեցինք շտապ օգնություն ու հրշեջ-ծառայություն։

«Տոյոտա Հիլուքսը» հարվածեց «Գազելին», հարվածեց ու «Գազելն» էլ հարվածեց իմ մեքենային՝ «ՎԱԶ 21063»-ին։ «Տոյոտա Հիլուքսը» արագ էր ընթանում, մոտ 100-ից ավելի արագություն կլիներ։ Ես 50-ից 60 արագությամբ էի վարում։ «Գազելի» վարորդն ավելի դանդաղ էր վարում»,- պատմեց նա։

Նա նշեց, որ 2 մեքենաների բախումը մի քանի վայրկյան է տեւել, ինքը չի հասցրել հասկանալ՝ ինչն էր պատճառը։

Գործով վկան պատմեց, որ իր մեքենայի ու «Գազելի» հեռավորությունը 10-ից 15 մետր է եղել։

Նա հայտնեց, որ հրդեհի բռնկումից 15 րոպե հետո հրշեջներն ու շտապ օգնությունը հասել են դեպքի վայր։

Գործով ամբաստանյալի պաշտպան Մոնիկա Վարդանյանը դատարանին միջնորդեց՝ հրապարակել գործով վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով այն, որ ցուցմունքների միջեւ առկա է տարբերություն։ 

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հրապարկվեց վկայի տված ցուցմունքի այն հատվածը, որտեղ նա նշել էր, որ «Տոյոտա Հիլուքսի» արագությունը 70 կմ/ժ է եղել։

Գործով վկան էլ նշեց, որ դեպքի մանրամասները լավ չի մտաբերում. «Մոտավորապես եմ ասում դա»։

Գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն էլ հարց ուղղեց վկային. «Առանց արագաչափի ինչպե՞ս են իմանում մեքենայի արագությունը»։

Գործով վկան նշեց, որ մոտավորապես է ասում, քանի որ առանց արագաչափի՝ հնարավոր չի նշել արագության սահմանը։

Նշենք, որ ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։