Ես նախկինում հայտարարել եմ, որ եթե բանակցությունների արդյունքում կլինի այնպիսի լուծում, որին ես ոչ թե հակված կլինեմ ասել այո, այլ որին գուցե չարժի ասել՝ ոչ, եթե կլինի այդպիսի տարբերակ, դրանից հետո պետք է վերցնել այդ տարբերակը, առաջինը խոսել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների հետ, երկրորդը խորհրդարանների հետ եւ ժողովրդի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն ես ի սկզբանե Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել ժողովրդի հետ, որ այստեղ որեւէ շահարկման տեղ չի կարող լինել:

Իսկ կարո՞ղ է Հայաստանի կառավարությանը կամ վարչապետը Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ: Այս հարցը դուք ինձ չեք տալիս, դուք ձեզ եք տալիս, իսկ դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը:

Որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցային սեղանի շուրջ նստածը ներկայացնում է ժողովրդին եւ ասում՝ եթե կլինի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, այդ ժամանակ էլի կգանք ժողովրդի հետ խորհրդակցելու: Ինչի Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ: Էդ ո՞վ է էդ մարդը, ուզում եմ իմանալ»,-հայտարարեց Փաշինյանը: