Դա լավ նպատակ չէ քայլեր անել, ինչ որ սեկտորի դժգոհությունները մեղմելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե վեթինգի մասին օրենքից լուրջ դժգոհություններ հայտնեցին, թե բաց հասարակության ինստիտուտը, թե մի շարք այլ հասարակական կազմակերպություններ, ո՞րն է այս դժգոհության մոտիվացիան եւ պատրաստվո՞ւմ է արդյոք կառավարությունը քայլեր անել հանրային սեկտորի դժգոհությունները մեղմելու համար։

«Կառավարությունը պատրաստվում է քայլեր անել ու անում է այդ քայլերը Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար եւ մենք շարունակաբար գնալու ենք այդ քայլերով ։ Ընդհանուր առմամբ շատ է խոսվում բարեփոխումների տեմպի եւ արագության մասին եւ այդ հարցն ինձ մոտ միշտ կա, արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է, որովհետեւ երրորդ հանրապետության պատմության մեջ, ես ինքս որպես լրագրող եւ քաղաքացի ականատես եմ եղել մի քանի անգամ, մի քանի բարեփոխումների փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են այդ բարեփոխումների հեղինակների շատ արագ այդ բարեփոխումներն իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով։ Մենք ՀՀ–ում նույնիսկ ունեցել ենք շատ արագ իրականացված եւ հաջող բարեփոխումների օրինակներ, որոնք հետք քաղաքական իրավիճակների կոնուկտուրայի փոփոխության բերումով զրոյացվել են եւ ընդհանրապես մոռացության են մատնվել, այսինքն ինստիտուտցիոնալ խնդիր չեն դարձել»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխումների կրողը ոչ միայն կառավարությունը պետք է լինի, այլեւ հանրությունը եւ որպեսզի ավելի հասկանալի լիներ խորովածի օրինակով ներկայացրեց պրոցեսը. «Մտածեցի երեւի ամենալավը մեր ազգային կերակուրի՝ խորովածի օրինակով ցույց տալն է։ Երբ հյուր է գալիս մեր տուն, խնդիր կա խորոված անելու, մարդիկ սոված են եւ պետք է հնարավորինս արագ այդ խորովածը հասցնել իրենց։ Բնականաբար թեժ կրակ է արվում, որպեսզի խորովածը դրվի այդ կրակի վրա, բայց եթե այդ խորովածն արագ է արվում, ավելի արագ քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում եւ արդյունքում հյուրերը մնում են սոված։ Այդ բարի մղումը, որ շուտ անենք խորովածը, տանենք դնենք մեր հյուրերի առաջ, չի ստիպում, որ մեր հյուրերերը մեր արած խորովածից գոհ լինեն, ընդհակառակը՝ իրենք սոված են հեռանում այդտեղից, որովհետեւ ուտելու չէ այդ խորովածը։ Նույնն էլ բարեփոխումներն է. երրորդ հանրապետության պատմության մեջ տասնյակ բարեփոխումներ մենք ունենք, որ երեսը վառած է մեջը հում է, բայց մտադրությունը լավն է։ Մենք չենք ուզում այդպես, մենք ուզում ենք, որ նորմալ կրակի վրա, անենք նորմալ խորոված, մատուցենք նորմալ, որպեսզի մեր տան տերը՝ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը գոհ լինի, հագենա, բավարարված զգա իրեն այդ բարեփոխումների արդյունքներից։ Մենք չենք ուզում, որ Հայաստանում ստեղծենք, թեկուզ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան, մենք ուզում ենք, որ իրոք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի»։

Փաշինյանի խոսքով՝ պետք է կարողանան այնպես անել, որ հենց դատական համակարգի ներսում տեղի ունենան փոփոխություններ, որ ի հայտ գան մադրիկ, որոնք կդառնան այն վեմը, որի վրա անկախ դատական համակարգը կարող է կառուցվել։

«Ես ինձ երկար ժամանակ հարց եմ տալիս, լավ, այս բոլոր դատավորներին հանում ենք գործից, ո՞ւմ ենք բերում, ովքե՞ր են այդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են եւ փոխեն։ Այնպես չէ, որ ես Հայսատնաը վատ եմ ճանաչել, կարծում եմ, որ Հայաստանը եւ Հայաստանի մարդկանց լավ եմ ճանաչել եւ ճանաչում, բայց ես ցնցված եմ այն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է, որ այս բաժակաի սեւ կամ սպիտակ լինելու հարցի դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինել նրանից, թե սրա սեւ կամ սպիտակ լինելը՝ մեր ընկերոջը, մեր ընտանիքին, մեր կլանին, մեր խմբավորմանը ինչքանո՞վ է ձեռնտու»,–ասաց վարչապետը։

Նա պատասխանեց նաեւ հարցին, թե ինչո՞ւ ազնիվ եւ պրոֆեսիոնալ կադրերը չեն համալրել պետական կառավարման համակարգը. «Մի հատ կարող եք այդ ազնիվ եւ պրոֆեսիոնալ կադրերի ցուցակը տաք։ Այո, կան ազնիվ եւ պրոֆեսիոնալ կադրեր նրանցից շատերն այսօր էլ պետական կառավարման համակարգում աշխատում են, քննչական համակարգում էլ են աշխատում, դատական համակարգում էլ, բայց կան բազմաթիվ կադրեր, որոնք ազնիվ են 0 պրոֆեսիոնալությամբ եւ կան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ազնիվ չեն։ Դատական համակարգի վերաբերյալ մեր նպատակն այն չէ, որ մենք դատավոր Հաբեթ Հայկյանին փոխարինենք դատավոր Հայկ Հաբեթյանով։ Առաջին դատավորը մեր չպատկերացրածն է, երկրորդը պատկերացրածը։ Մեր գլխավոր պլանը պետք է լինի, որ մենք կարողանանաք քաղաքական այնպիսի միջավայր ստեղծել, որ այդ դատավորի մեջ տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, հիմա խառնեցի, որն էր անուն ազգանունը, որ առաջին դատավորը տրանսֆորմացվի եւ դառնա երկրորդ դատավորը։ Հիմա մարդիկ կան, որ ուզում են գերանդին վերցնեն՝ աջ ու ձախ հնձեն, թացը չորի հետ խառնելով, ես դա ճիշտ չեմ համարում եւ կարծում եմ, որ մենք պետք է գնանք լավ խորոված անելու օրինակով, քանի որ դա է, որ երկարատեւ արդյունք է բերելու բոլորիս»։