Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ դատաիրավական համակարգի շուրջ վարչապետի հետ զրույցից հետո քննադատությունների մեծ տարափ սկսվեց, մասնավորապես, Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ առանց Սահմանադրությունը փոխելու հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ, ոմանց՝ հեղափոխական խոստումներից հետքայլ է թվացել։ Ինչպե՞ս է վարչապետը վերաբերում այդ քննադատություններին եւ իրոք հնարավո՞ր է համարում, որ դատաիրավական համակարգը կբարեփոխվի աստիճաբանար։ Վեթինգի մասին հայտարարելիս արդյոք չէ՞ր քննարկվել, որ դրա իրականացման համար պետք է փոփոխություններ իրականացնել Սահամանդրության մեջ։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

Վարչապետն էլ ասաց, որ հիմա դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների ձեւավորման փուլում են եւ պետք է ամեն ինչ անեն, որ այդ ձեւավորումը տեղի ունենա պատշաճ ձեւով. «Հիմա կա Ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենք, այդ օրենքը դատավորների վրա էլ է տարածվում, վարչապետի վրա էլ է տարածվում։ Հիմա պատկերացրեք, որեւէ դատավորի ապօրինի ձեռքբերված գույք առգրավվի, պարզ չի՞, որ այդ դատավորն էլ չի կարող աշխատել, որովհետեւ առնվազն բարոյական իրավունքը կկորցնի։ Բադասյանի հետ խոսակցության նորությունն այն էր, որ այն երկրներում, որտեղ ամենաարմատական վեթինգն են կիրառել, դա տեւել է 4-ից 5 տարի։ Ժողովուրդ ջան, եկեք այդ խորովածի երեսը չվառենք, մեջն էլ հում չթողնենք»։