ԱԱԾ-ում նյութեր ոչնչացնելու հետ կապված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, այնտեղ ահռելի քանակի փաստաթղթերի մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժամանակին արված հայտարարությանը, թե հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նախկինները ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել:

«Բայց լավ նորություն էլ կա, որ ԱԱԾ աշխատանքի նրբությունների բերումով այդ փաստաթղթերի մի բավականին մեծ մասն արդեն իսկ վերականգնված է: Իհարկե, կլինեն փաստաթղթեր, որոնք հնարավոր չի լինի վերականգնել. Պետք է հասկանալ, թե ինչի մասին են եղել այդ փաստաթղթերը, եւ ինչպիսի տեղեկատվություն կարող էին պարունակել, որնէ եղել դրանք ոչնչացնելու պատճառը:

Ես ճիշտն ասած, խոսել եմ ԱԱԾ մեր գործընկերների հետ, փորձել եմ պարզել, թե որքանով է նորմալ, որ մեկ տարուց ավելի կարող է ծառայողական քննություն տեղի ունենալ եւ դրա բացատրությունն այն է, որ ահռելի մեծ ծավալի աշխատանք է: Տարիներով ձեւավորված այդ փաստաթղթերի ծագումնաբանությունը պետք է վերականգնել: Դա է պատճառը, որ այսքան երկար է տեւում»,-ընդգծեց Փաշինյանը: