Մինչեւ ՊՎԾ ուսումնասիրությունները դաշտում եղել են 2 կազմակերպություն. մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ ձեր կողմից նշված անձի (Դոն Պիպո՝ Արթուր Ասատրյանի)քրոջ որդուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանը։

«Սամվել Ադյանի կողմից ինձ ներկայացվել է, որ երկար տարիներ դաշտը սպասարկել են քվոտավորված, այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանի ֆիրման մասնակցել է այն հիվանդանոցի մրցույթին, որին քվոտավորված էր «Ֆրեզենը», այսինքն՝ դաշտը բաժանել են 2 մասի՝ մոտավորապես 80 տոկոսով, իսկ այն մնացածն էլ մանր-մանր տարբեր հիվանդանոցներ իրենց փոքր բաժնով սպասարկել են։ Երբ ՊՎԾ-ն հասկանում է, որ  ներկրում են Հայաստան ու 2.2 անգամ ավելի գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների ու գերշահույթ են ստանում պետության հաշվին՝ ՊՎԾ-ն սկսում է այս գործընթացը»,- ասաց Սանասարյանը։

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր նպատակն այն է, որ եթե լիներ մրցակցային, կմասնակցեն այլ կազմակերպություններ եւս, որոնց մրցակցության արդյունքում գնի նվազում կլինի. «Եթե բժշկական կենտրոնն այնպիսի չափորոշիչներ է ներկայացնում դիալեզի պարագաների, որը կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն ուղղակի չեն մասնակցում այդ մրցույթին։ Եթե տեսնում է իրենից է կախված՝ գին է կրակում, որը պետությունն ուզած-չուզած պետք է գնի»։