Երեւանի Մետրոպոլիտենն այսօրվանից՝ մայիսի 18-ից նույնպես վերսկսել է աշխատանքը։ Աշխատանքը կազմակերպվում է նույն՝ նախկինի գրաֆիկով։ Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ գիշեր ախտահանվել են գնացքների բոլոր վագոնները։

«Բոլոր վագոնները ախտահանել են գիշերը մասնագիտացված կազմակերպությունը, օրվա ավարտին նույնպես կախտահանվեն։ Ամենաքիչը երեք անգամ ախտահանվում են կայարաններում գտնվող տերմինալներն ու բռնակները։ Աշխատակիցները կրում են պաշտպանիչ միջոցներ»,- նշեց նա։

Պարետի որոշման համաձայն՝ յուրաքանչյուր վագոնում ուղորների քանակը պետք է չգերազանցի 70-ը։ Այս կանոնը չխախտելուն հետեւում է մեկական աշխատակից եւ ոստիկան յուրաքանչյուր կայարանում։

«Փորձում ենք ամեն ինչ անել, որ թվերի հետ կապված խախտումներ չլինեն։ Սկզբնական կայարաններում, քանի որ գնացքները նոր դուրս են գալիս կայարան, թիվը մեր աշխատակիցները կարողանում են պահպանել, մնացած կայարաններում արդեն հնարավորինս փորձում են պահել»,- նշեց տնօրենը։

Մետրո մուտք գործելու համար պարտադիր է կրել դիմակ եւ ձեռնոց։ Յուրաքանչյուր վագոնում 4-ական՝ ալկոհոլային հիմքով հեղուկներ պարունակող տարաներ են տեղադրված, որոնցից ուղեւորները կարող են օգտվել։