Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, այսօր՝ մայիսի 18-ին, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական նիստը հետաձգվել է։
Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին՝ կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված։
Խոսրով Հարությունյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչու է իր ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու համար.
«Դատական նիստը հետաձգելու իմ միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ պաշտպանս ունի նորածին եւ ինքնամեկուսացված է։ Երբ նրա հետ քննարկում էի՝ դատական նիստի իր հնարավոր մասնակցության հարցը, ինքս եմ առաջարկել, որ հապաղենք։ Հատկապես, որ գնալով սահմանափակումները մեղմացվում են, գուցե ավելի հարմար ժամանակահատվածում լինի՝ մի քիչ ուշ ժամկետում։ Դա որեւէ կերպ չէր կարող որեւէ մեկի կողմից մեկնաբանվել առիթ, հնարավորություն՝ ձգձգելու, որովհետեւ մենք ամենաշահագրգռվածն կողմն ենք այս հարցում»։
Հարությունյանը հայտնեց, որ մինչեւ միջնորդության ներկայացնելը, իր ներկայացուցիչը պատասխանող կողմին հայտնել է միջնորդության մասին, նրանք էլ նշել են, որ չեն առարկում. «Մինչեւ իմ պաշտպանի՝ միջնորդության ներկայացնելը, նա հեռախոսազրույց է ունեցել պատասխանող կողմի ներկայացուցչի հետ, նրան տեղեկացրել խնդիրը, հարցրել է՝ արդյոք կառարկե՞ք, Նորայր Նորիկյանն ասել է՝ ոչ։ Եթե երեխայի խնդիրը չլիներ, վստահեցնում եմ, որ այս միջնորդությունը չէր լինի»։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանն առաջարկել էր, որ խնդիրը կարգավորվի հաշտարարի միջոցով։ Խոսրով Հարությունյանն ասաց, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Մենք նախնական դատական նիստում հայտարարել ենք, որ պատրաստ չենք հաշտության գնալու որեւէ տարբերակի։ Հաշտության տարբերակը մեկն է. պատասխանող կողմը պետք է ընդունի, որ զրպարտել է, եւ ներողություն խնդրի։ Հաշտարարի հետ հանդիպումը չի կայացել։ Այս դատական նիստի՝ օր առաջ իրականացումը ճիշտ ու օգտակար է։ Մենք շահագրգռված ենք, որ դատական նիստն օր առաջ կայանա, որովհետեւ այստեղ դրված է իմ հեղինակության, քաղաքական, բարի համբավիս եւ անունիս խնդիրը»։
Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:
Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ հայցվոր կողմին հետաքրքիր է, թե պատասխանող կողմն ինչպես է հիմնավորելու այդ հայտարարությունը.
«Պատասխանող կողմը փորձում է ինչ-որ անհասկանալի կոնցեպտով պաշտպանվել, որ մենք դա նկատի չենք ունեցել, եթե դուք եք այդպես ընկալում, ապա մենք կապ չունենք, սակայն մենք դատական նիստին կապացուցենք՝ ով եւ ինչի հետ կապ ունի։ Համենայն դեպս, իմ հայերենի իմացությունը բավարար է, որպեսզի կարողանամ այդ ամբողջ 2 նախադասության մեջ պատճառահետեւանքային կապերը հաստատել»։
Նշենք, որ Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։











