Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն առաջարկում է ծախս ճանաչել գործատուի կողմից իր հաշվին տարվա մեջ մեկ անգամ մինչեւ 200 հազար դրամի սահմաններում յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով նրա հանգիստը ապահովելը:

«Ծախս ճանաչենք նաեւ ֆիզիկական անձի կողմից իր միջոցներով Հայաստանի եւ Արցախի տարածքում հանգստի դեպքում նրա կատարած ծախսը»,-այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

«Սա բյուջեի եկամուտների էական նվազեցման չի տանի, որովհետեւ այստեղ ծախս ես ճանաչում, որտեղ գնում ենք հանգստանալու, այնտեղ եկամուտ է առաջանում: Բնականաբար բոլորն էլ ձգտելու են օգտվել այդ հնարավորությունից եւ աշխատելու են սպիտակ դաշտում:

Զբոսաշրջության ոլորտը հնարավոր է փրկել եւ անհրաժեշտ է: Ակնհայտ է, որ ոլորտը կանգ է առել, զրկվել է բոլոր տեսակի եկամուտներից եւ կան պարտավորություններ: Շատ կարեւոր է, որ մենք եւ պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնենք, եւ զարգացմանն ուղղված միջոցառումներ իրականացնենք ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ անենք»,-ընդգծեց Ապրեսյանը: