Արտահայտված քաղաքական կարծիքները խեղաթյուրելը հարգելի զբաղմունք չէ հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում դիմակ կրելու համար տուգանքը 100 հազարից 10 հազար դրամ դարձնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Նենց ա տպավորությունը, յանի  ԲՀԿ-ն դե՞մ ա այս նախաձեռնությանը: Տենց եք ուզում ներկայացնել, բայց տենց չի: Եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթեւացնելու համար, մենք երբեք դեմ չենք եղել եւ չենք կարող լինել: Բայց եթե ուզում ենք ավելի ճշտըախոս գտնվենք, ապա այդ դիմակները ոչ միայն գործատուների վրա չպետք է դրվի, այլեւ քաղաքացիների վրա: Պետությունը պետք է հոգա: Մենք նման իրավաչափ բեռ չենք կարող դնել գործատուի վրա ու ասել՝ դու պարտավոր ես դիմակով ապահովես: Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ գնա դիմակ առ, որ շրջես: Եթե մարդն աշխատանք չունի, ի՞նչ տարբերություն նրան 10 հազար ենք տուգանում, թե 100 հազար»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նա կոչ արեց չխեղաթյուրել իր կուսակից Միքայել Մելքումյանի ասածը. «Հարց է հնչում՝ կարո՞ղ ենք հետադարձ ուժ տալ այս մեղմացմանը: Իհարկե, կարող ենք, պարոն փոխնախարար: Եկեք դա անենք, որովհետեւ ողջամիտ չի աշխատանք չունեցող մարդուն 100 հազար դրամ տուգանել: Իշխանությունը սխալն արել է, հիմա ուզում է մեղմել, եկեք հետադարձ ուժ տանք այս նախագծին»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը խոստովանեց, որ քանի որ խմբակցության անունից է հանդես գալիս, ստիպված է հնչեցնել խմբակցության տեսակետը, որ դեմ չեն այս օրինագծին:

«Խնդրում եմ՝ որոշ մարդիկ թող իրենց իրավունք չվերապահեն այլակերպել մեր խպատգամավորների արտահայտած դիրքորոշումները»,-ընդգծեց նա: