Ապրիլի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձեւակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին եւ դիմել փախուստի:

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձեւակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար եւ հեռացել:

Մայիսի 6-ին մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ապրիլի 22-ին վարկային կազմակերպության աշխատակից ոմն Արտակ բջջային հեռախոսների խանութից իր անվամբ ապառիկ կարգով վերցրել է «Այֆոն 11» բջջային հեռախոս եւ խաբեությամբ հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ նշված բոլոր հանցագործությունները մի մարդու ձեռքի գործն են։ Իրավապահների տեսադաշտում հայտնվեց մայրաքաղաքի 25-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանների միջոցառումներին զուգահեռ ստացվեց նմանատիպ եւս 13 ահազանգ։ Ձեռագիրը նույնն էր։ Տարբեր անուններով հանդես եկող երիտասարդը քաղաքացիներից հափշտակում էր փող կամ բջջային հեռախոս։

Միջոցառումները արդյունք տվեցին մայիսի 13-ին։ Խարդախությունները կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Երեւանի 25-ամյա մի բնակիչ։ Նա տվեց խոստովանական բացատրություն։

Հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը կալանավորված է։

Կատարվում է նախաքննություն։