Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին պատշգամբի դռան ապակիները, մտել տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել էին ոգելից խմիչք ու հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչեւ օպերատիվ հարցումներ, եւ հաղորդումից մեկ օր անց բնակարանային գողությունը բացահայտվեց:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել են Գավառի Իսահակյան, Նալբանդյան, Ազատության փողոցների երեք անչափահաս բնակիչներ:

Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Գավառի բաժին եւ ոչ միայն խոստովանեցին կատարածը, այլեւ ներկայացրին գողոնի մի մասը:

Հետագա միջոցառումներով պարզվեց նաեւ, որ մայիսի սկզբին նրանք ննջասենյակի պատուհանից մտել էին Պռոշյան փողոցի տներից մեկը, գողացել արհեստագործական գործիքներ, ջրի պոմպ, կենցաղային իրեր ու խմիչք: Օրեր անց դարձյալ պատուհանից մտել էին Նալբանդյան փողոցի մի տուն, էլեկտրական շարժիչ եւ կենցաղային իրեր հափշտակել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: