Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, դա բնականոն պրոցես է. վարչապետը նման որոշում է  ընդունել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանապետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնանկություններին:

Անդրադառնալով պաշտոնանկությունների պատճառներին, Պապիկյանն ասաց. «Պաշտոնանկությունները տարբեր են լինում: Տվյալ փուլում մեր գործընկերների պաշտոնավարումը, մի մասինը գուցե իրենց ցանկությամբ, մի մասինը գուցե վարչապետի որոշմամբ, այլեւս նպատակահարմար չի համարվել: Պատճառները տարբեր ես, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում: Վարչապետը առաջիկայում ասելիք կունենա կխոսի նաեւ մանրամասների մասին»:

Հարցին, թե արդյոք ՔՊ-ում քննարկվել է այս պաշտոնյաների հարցը, գուցե դա կապված է կորոնավիրուսով պայմանավորված դժգոհությունների հետ, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, կոնկրետ դժգոհությունների մասին քննարկում չի եղել: Կառավարման պետական համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինելու: Մեր գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն: Այլ մանրամասություններ, քան արդյունավետությունը բարձրացնելու ցանկությունն է, ես նշել չեմ կարող»:

Դիտարկմանը, որ այս կարճ ժամանակահատվածում արդեն 2-րդ, 3-րդ անգամ պաշտոնյա է փոխվում, նախարարն ասաց. «Այսինքն հարատեւ պաշտոնավարո՞ւմ ենք ակնկալում: Յուրաքանչյուր պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, վաղը ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու ունենանք: մենք հիմա խոսում ենք մի որոշման մասին, որի կայացման լիազորությունները պատկանում են վարչապետին»: