Գագիկ Ծառուկյանի քննադատությունը վերաբերում էր կառավարության 100 տոկոս փոխելուն. ըստ էության, դա անսպասելի պոռթկում է, բայց միաժամանակ փաստ է, որ դա ունի որոշակի պատճառներ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առո՞ղջ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին քննադատությունը:
«Ակնհայտ է, որ տարբեր հարցեր կան, այդ թվում նաեւ քրեական գործեր, որոնք գուցե մտահոգում են մեր գործընկերներին եւ ակտիվացման ու կոնսոլիդացիայի են բերում: Չեմ բացառում, մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք տարիներ շարունակ հսկայական կարողություն ու գույք են կուտակել: Գիտեք նաեւ, որ ԱԺ-ն հավանության է արժանացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Առաջիկայում այն ուժի մեջ է մտնելու: Ես ուղղակի համբերություն եմ մաղթում մեր գործընկերներին, ուզում եմ, որ իրենք հետեւողականորեն փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը, եւ որքանով է այն օրինական»,-ասաց նա:











