Եթե ուզում եք քննադատել ձեր ընկերոջը, ապա խնդրում եմ դա անել ուղղակի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցին, թե դուք հանդես ես գալիս քաղաքական գրառումներով, արդյոք դա ենթադրում է, որ այդ կերպ տարածում եք ձեր ղեկավարության քաղաքական մոտեցումները։

«Չեմ հասկանում թե ինչո՞ւ եք ինձ թիրախավորում, տեղեկացնեմ, որ ինձնից առաջ այդ պաշտոնում պաշտոնավարել է ձեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը, Հրայր Թովմասյանի որոշմամբ եւ այդ պաշտոնում պաշտոնավարելու շրջանում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրել է ԱԺ պատգամավորության թեկնածու, մասնակցել է քարոզարշավի եւ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ավելի ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավորության թեկնածու առաջադրվելը եւ ընտրվելը ես չեմ պատկերացնում։ Կարծում եմ այդ հարցում պարոն Վարդանյանի դիրքերը շահեկանորեն ավելի լավն են քան ձերը, որովհետեւ ՀՀ օրենքով հանրային ծառայության մասին ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը դա վարչական պաշտոն է, որը քաղաքական գործունեության, որեւէ սահմանափակում եւ կաշկանդվածություն չի ներկայացնում։

Ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, ավելի շուտ ես իմ քաղաքացիական դիրքորոշումներն եմ արտահայտում, այդ հարցում շատ ազատ եմ, ես ինձ ազատ եմ զգում նաեւ քաղաքական հայտարարություններ անել, բայց դրա կարիքն առայժմ չի եղել։

Ես մշտապես արտահայտել եւ արտահայտում եմ իմ տեսակետները, երբ դրանք իմ սոցիալական տիրույթում են։ Ես ՍԴ–ի, ՍԴ դատավորների տեսակետներն արտահայտելու իրավունք չունեմ»,– ասաց նա։

Հովակիմյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հեռացվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցը, ինչին Ղազարյանը պատասխանեց, որ դրա մասին տվյալ կայքը պարզաբանումով հանդես եկավ, որ վրիպակ է եղել։

Պատգամավորի դիտարկմանը, թե վերջերս գրառումներ եղան, որ ՍԴ շենք առանց գրանցվելու ելք ու մուտք են անում առանձին մարդիկ, Ղազարյանը պատասխանեց. «ՍԴ–ի շենքը ռեժիմային կազմակերպություն է, որի հսկողությունն իրականացնում է ոստիկանության հատուկ ստորաբաժանում եւ ՍԴ աշխատակազմը, ոստիկանության այդ գնդի հետ ունի ստորագրած համապատասխան կարգ եւ ՍԴ շենքը, թե աշխատակիցների, թե դատավորների, թե այլ հյուրերի եւ անձանց մուտքը դատարանի շենք, իրականացվում է այդ կարգին համապատասխան։ Ինչ վերաբերում է, որ առանց գրանցման մարդիկ են մուտք գործել, մենք դրա վերաբերյալ լրագրողական հարցում ենք ստացել եւ տվել ենք համապատասխան պարզաբանում, որոնք հրապարակվել են մամուլում»։