Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել, եւ Հայաստանում տրված իրավական հնարավորություններից օգտվելով՝ մենք այն կյանքի կկոչենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկմանն ու հարցին՝ արդյո՞ք հրաժարվել են իրենց քաղաքական նպատակադրումից:

«Ուղիներից մեկը ԱԺ-ում հարցի քննարկումն ու լուծում տալն է, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեն, բայց այս փուլում, կորոնավիրուսով պայմանավորված, երկար ժամանակ, այն հնարավոր չէ իրականացնել, իհարկե, մենք լուծումը կգտնենք»,-նշեց նախարարը:

Հարցին՝ իսկ իրենց առջեւ դրվա՞ծ է վերջնաժամկետ, որ մինչ այդ պահը Հրայր Թովմասյանը չպետք է լինի ՍԴ նախագահ, Պապիկյանը բացասական պատասխան տվեց. «Մեր գործողությունները ինքնանպատակ չեն, բխում են ՀՀ-ի, ՀՀ քաղաքացու շահերից: Մենք մեր գործողություններում թափանցիկ ենք, եւ քաղաքական նպատակադրումը ավելին համարել, քան մեր քաղաքացու շահն է, չենք կարող, այդ պատճառով էլ սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց այս փուլում»: