Հազարավոր կրիաների կադրեր է նկարել Քվիսլենդ նահանգի շրջակա միջավայրի եւ գիտության դեպարտամենտի անօդաչու թռչող սարքը։ Մեծ պատնեշի խութի ծայրում գտնվող, կիսալուսնի նմանվող Ռեյն կղզին ամենամեծն է (21 հեկտար) կղզիների աշխարհում, որոնցում ծովային կանաչ կրիաները ձվադրում են։  

Դրոնների նկարահանած կադրերում հետազոտողները հաշվել են մոտ 64 հազար կանաչ կրիա։ Նկարահանումները կատարվել են Ռեյն կղզու վերականգնման հնգամյա նախագծի շրջանակներում։

Կանաչ կրիաները (Chelonia mydas) աշխարհով մեկ հանդիպում են արեւադարձային, մերձարեւադարձային եւ հանգիստ ջրերում։ Չնայած անվանմանը, կանաչ կրիայի գույնը վերեւից ոչ միայն դարչնականաչավուն է, այլ հաճախ՝ մուգ դարչնագույն՝ դեղնավուն եւ սպիտակ բծերով ու գծերով։

Կյանքի առաջին տարիները կանաչ կրիան անցկացնում է բաց օվկիանոսում՝ սնվելով մեդուզաներով եւ այլ ծովային կենդանիներով։ Ժամանակի հետ նա փոխում է բնակավայրը, մոտենալով ափին եւ դառնում է խոտակեր՝ սնվելով ծովային բույսերով։ Պոկել բույսերը նրան օգնում է ատամնավոր կտուցը։

Կոլոմբոսի ժամանակ ծովային կրիաներն այնքան շատ են եղել, որ ծովագնացներին թվացել է, թե նավերը չեն անցնի դրանց միջով։ Բայց այնուհետեւ միջամտել է անթրոպոգեն գործոնը։ Ներկայում կանաչ կրիան դասվում է անհետացող տեսակների շարքին։ Նրա համեղ միսն ու ձվերն ավանդաբար մարդու կողմից օգտագործվել են սննդի մեջ, ինչն էլ հանգեցրել է այս տեսակի քանակի զգալի կրճատմանը։ Ներկայում երկրների մեծ մասում կրիաների որսն արգելված է։