ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հանդիպել է ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված իրավաբաններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանության մոտ լրագրողներին ասաց պատգամավորը։
«Բերման ենթարկվածների հետ հանդիպել եմ, ամեն ինչ նորմալ է, շուտով բաց կթողնեն»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի, երբ բողոքի ակցիա է ընթանում՝ պահպանելով պարետի որոշման կանոնները, ոստիկանները պետք է չխոչընդոտեն այն։
«Եթե մարդիկ, պահպանելով սոցիալական հեռավորությունը, փորձում են իրենց բողոքի ձայնը արտահայտել, դա որեւէ կերպ չի նշանականում պարետատան սահմանած ռեժիմը խախտել, որովհետեւ որոշումն ասում է՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն։ Եթե քաղաքացիները դա անելով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, դրան ոչ մի կերպ խոչընդոտել չի կարելի, դա պետք է թույլատրելի չլինի։ Նույն կերպ վերջերս կուսակցություններ բացվեցին, հավաքներ արեցին շատ ավելի բազմարդ՝ պահպանելով կանոնները։ Դա՞ էլ պիտի արգելեին։ Սա երկակի ստանդարտների կիրառում է, անթույլատրելի է»,- նշեց նա։
Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։
Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։
Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։











