Մեկ օրվա վարակվածների տվյալներով համեմատություն նելը ճիշտ չէ, որովհետեւ ձեր նշած եվրոպական երկրները դժոխքի միջով անցել ավարտել են: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցադրմանը:

Տոնոյանն իր խոսքում նշել էր, որ թեեւ վարչապետն ասում է, որ Հայաստանն ունի շատ լավ ցուցանիշներ անգամ ամենազարգացած երկրների ցուցանիշների հետ համեմատած, սակայն մեր երկրում այսօր օրական մոտ 10 անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան շուրջ մեկ տասնյակ եվրոպական երկրներում միասին վերցրած:

«Եվրոպական երկրները դժոխքի ամենաթեժ շրջանը հաղթահարել են՝ ունենալով բազմաթիվ մարդկային կորուստներ: Երբ ես ասում եմ՝ դժոխքի միջով ենք անցնում, մեզ համար ամեն մի քաղաքացու կյանքը բացառիկ է, անգին է եւ երբ մենք ամեն օր մարդկային կորուստ ենք ունենում, դա մեզ համար դժոխք է»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով արձանագրված մահերի համար մեղավորները պատասխանատվության ենթարկվելու են, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, ապա աշխարհի գերզարգացած բազմաթիվ երկրներում եղել են դեպքեր, երբ մարդը հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել: Տարել են հիվանդանոց մոտակա այգին, որեւէ ծառի տակ, որեւէ նստարանի վրա պառկեցրել են եւ մարդն այդպես մահացել է: Դուք աշխարհի այդ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվում եք հետաքննություն անել եւ այդ մարդու մահվան համար մեղավորին պատժելու:

Ես ընդհակառակը կասեմ, այն, ինչ տեղի է ունենում մեր առողջապահկան համակարգում, պետք է տեղի չունենար, որովհետեւ ամեն օր եւ սովորական, եւ ռեանիմացիոն մահճակալային տեղերի ավելացում է կատարվում: Կարծում եմ՝ իմ նշած դեպքը, ես ասացի, որ դրա մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն է, այլեւ հարազատները, որոնք դեպքի մասին շատ ուշացումով են հայտնել:

Վատ է հնչում, բայց կա հիվանդների տրիաժ, որը թարգմանաբար նշանակում է սորտավորում: Ամեն դեպքում, մենք նորից առիթ կունենաք վերանայելու, տեսնելու, թե սխալ եղել է, թե ոչ: Եթե պարզվի, որ եղել է սխալ, ապա այդ ժամանակ կլինեն գործողություններ»: