Մեկուսացման ռեժիմի փոփոխության արդյունքում ինձ բազմիցս դիմում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ, ովքեր ամբողջ ընտանիքով մեկուսացման բժշկական հրահանգ են ստացել եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ներկայացված դեղատոմսի արժեքը իրական հատում է 30.000 դրամի չափը եւ բնականաբար այդ դեղապաշարի ձեռք բերումը քաղաքացու հաշվին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը։
«Ինչպե՞ս է պետությունը պատրաստվում աջակցել նման հիվանդներին, ովքեր տարբերակված են, եւ մեկուսացումը ոչ թե հիվանդանոցում է, այլ տնային պայմաններում, իսկ դեղորայքի գինը ընտանիքի անդամների համար մի քանի անգամ ավել է, քան նվազագույն աշխատավարձի չափը»,- դիմեց Պողոսյանը։
Վարչապետն էլ նշեց, որ այդ ընտանիքների սննդի հարցը լուծված է. «Այսինքն նրանք սնունդ ստանում են։ Ինչ վերաբերում է դեղորայքին, մենք Ձեր տված տեղեկատվությունը կուսումնասիրենք եւ կտեսնենք՝ ինչպիսի իրավիճակ է եւ ինչ կարելի է անել»։











