Համավարակը ցույց տվեց, թե որքանով իշխանությունները չեն կարող հարգել մարդու անձնական, բարոյական, մասնավոր կյանքի եւ արժանապատվության իրավունքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Սկզբում քավության նոխազ դարձավ մի կին, որը ձեր բացթողումների պատճառով դարձավ վարակակիր եւ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Հետո ձեր պատերին հայտնվեցին լուսանկարներ մարդկանց դեմքերով, որը շատ մեծ հոգեբանական ճնշում դարձավ մարդկանց համար: Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ մարդիկ հետեւեն կարգուկանոնին, բայց մարդկանց արժանապատվության, նրանց բարոյական նվաստացման ճանապարհով մենք դրան չենք հասնելու:
Առհասարակ, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության, նրա բարոյական արժանապատվության հետ: Սա չի համապատասխանում ձեր ծրագրով նախատեսված երջանիկ անհատի կոնցեպտին: Խնդրում եմ վերանայել այդ մոտեցումը, հարգել մարդու արժանապատվությունը, ընտանեկան, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը»,-ասաց Անի Սամսոնյանը:











