Համաձայն եմ, թեստավորման ծավալները պետք է ավելացնել, բայց թեստավորումը բավական բարդ պրոցես է, նաեւ հզորությունների հարց կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, թե ինչու զանգվածային թեստավորում չի արվում:

«Երեկ խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարարն ասում էր՝ մենք փողը ձեռքներս, թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Այսօր շատ մեծ դեֆիցիտ է այդ ապրանքների: հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք: Օրինակ երեկ արել ենք 2297 թեստ եւ դա մեր եզրային գիծն է:

Այսինքն դա որոշումով չի. եթե ես իմանամ, որ գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա կստորագրեմ: Բայց պետք է հզորությունները զարգացնել:

Ինչպես ասենք, մարտի կեսին դիմակ կամ այլ պարագաներ ձեռք բերելու խնդիր կար, որովհետեւ ողջ աշխարհում պրոբլեմ կար: Այո, ամեն օր պետք է ձգտենք թեստավորման ծավալները ավելացնենք: Մենք այդ մասին խոսում ենք ամեն օր»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Ուկրաինան, Հարավային Կորեան անցել են զանգվածային թեստավորման, վարչապետը հակադարձեց. «Հարավային Կորեան մեկ մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ»: