Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, որ տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում եւ տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որեւէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի այդ, վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։