Հունիսի 4-ից 6-ը Կենտրոն վարչական տարածքում երեք մեքենաներից գողություն էին արել: Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն Տուառեգ» եւ «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենաների լուսարձակներն էին գողացել, Բրյուսովի փողոցում գողացել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի լուսարձակները եւ հովացման ցանցը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենաները, զրուցեցին ինչպես տուժողների, այնպես էլ դեպքի վայրերի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչների հետ, եւ վերջին հաղորդումից երկու օր անց գողությունները բացահայտվեցին:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Նազարբեկյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Հունիսի 8-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: