Այսօր կա հռետորաբանություն, որ քանի որ երկիրը վատ վիճակում է, եւ բոլորս դա ընդունում ենք, քաղաքական հայտարարություններ անելը, քաղաքական պահանջներ դնելը տեղին չի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Դա կլիներ հիմնավոր ձեւակերպում, եթե դա իշխանության կողմից պահվեր: Երբ այդ պանդեմիայի շրջանում նույն իշխանությունը գեներացնում է քաղաքական օրակարգեր, ընդդիմությունը չի կարող ասել՝ դե հիմա պանդեմիա է, կառավարության նախաձեռնության մասին բան չենք ասի, հետո, երբ օրենքը կընդունվի, կասենք: Օրինակներ բերեմ, գույքահարկի ռեֆորմը շատ լուրջ խնդիր է, անշարժ գույքի շուկային մեծ հարված է, բանկային համակարգի համար մեծ հարված է, ներդրողների համար, Երեւանի կենտրոնում ապրողների համար մեծ հարված է: Համընդհանուր հայտարարագրման հետ կապված կրկին խնդիրներ կան: Այսինքն պանդեմիայի ժամանակ կառավարությունը նախաձեռնություններ է անում, որոնք քաղաքական բնույթ ունեն: Ընդդիմությունը դրանց պետք է արձագանքի, բայց երբ արձագանքում է, դուրս է գալիս, որ վայ, ընդդիմությունը պանդեմիայի ժամանակ քննադատեց իշխանությանը, վայ, էս ինչ եք անում, ոնց եք քննադատում: Եկեք պայմանավորվենք, դուք ոչ մի օրակարգ մի ձեւավորեք, մենակ պանդեմիայով զբաղվեք, կամ եթե ձեւավորում եք, պատրաստ եղեք լսել պատասխան»,-ասաց Մարուքյանը:
Նա հիշատակեց նաեւ այն, որ Երեւանի ավագանիում իշխող թիմը բերել է նախագիծ, որ ավագանու անդամին ձայնի իրավունքից զրկի. «Այսօր խոսում են ամիսը երկու անգամ, հիմա ուզում են, որ տարին 4 անգամ խոսեն: Ես կարծում եմ, որ սա հետընթաց է ժողովրդավարությունից: մենք այս ընթացքում հետընթացներ ենք արձանագրել ժողովրդավարությունից, որոնց մասին մենք խոսել ենք եւ խոսելու ենք:
Հետեւաբար քաղաքական մորատորիումի մասին խոսացողները առաջինն իրենք պետք է դա հայտարարեն եւ պահեն, որ հակառակ կողմից էլ դա պահեն կամ չպահեն:
Այս ամենից հետո մենք ասել ենք, որ քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու, ընդհուպ մինչեւ քննիչ հանձնաժողով կարող է ձեւավորվի, կամ կնայենք դա իմաստ ունի, թե ոչ, որովհետեւ քննիչ հանձնաժողովում մեծամասնությունն էլի լինելու է «Իմ քայլից»: Բայց ոչ մի հարց չի մնալու անպատասխան»,-ասաց նա:











