Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ ոստիկանը պետք է լինի դուխով՝ բնականաբար ավելացնելով նաեւ օրենքով. ես չգիտեմ՝ դուխի չափորոշիչը որն է, բայց իմ կարծիքով ոստիկանի դուխը պիտի լինի բացառապես եւ միայն օրենքը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով Սպիտակում ոստիկանների կողմից տնոջը բերման ենթարկելու տեսանյութին, նա ասաց. «Պարոն վարչապետ, Ձեզ խոստացան կարծես փոխանցել Սպիտակում կնոջ հանդեպ, իմ կարծիքով, ոստիկանի անհամաչափ գործողության տեսանյութը։ Ի՞նչ էր արել այդ կինը, նա դիմակով էր։ Ես բացեցի պարետի բոլոր որոշումները, փորձեցի գտնել դիմակը կրելու մասին ցուցումներ, որ օրինակ չի կարելի դիմակը կրել քիթը բաց։ Եթե կա, ուրեմն պիտի դրա մասին կրկին բարձրաձայնվի, որովհետեւ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ ես այդ մասին չգիտեն։

Ի վերջո թե ինչպես էր քաղաքացիական հագուստով անձը ոստիկանի հետ իմ վստահ համոզմամբ անհամաչափ ուժ կիրառում քաղաքացու հանդեպ։ Եվ ընդհանրապես, այս էլ որերորդ դեպքն է՝ ոստիկանները, ես չգիտեմ ինչից են ոգեւորվում, ինչն է նրանց այդքան անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազորությունները»:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ իրենք չպիտի որդեգրեն դիտորդի կարգավիճակ, չպիտի անտեսեն, որ որոշ ոլորտներում բացահայտ ձախողում է, մեկնաբանելով, թե պանդեմիա է: