Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունի նստավայրում, այսօր՝ հունիսի 12-ին, ընթացող «Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի» գործով դատական նիստին բաշխվեց ապացույցների բեռը. հայցում նշված փաստի ապացուցման պարտականությունը կկրի հայցվոր կողմը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացված հայցի դեմ առարկում են, քանի որ, ըստ իրենց, այն անհիմն է եւ ենթակա է մերժման։
«Աղեկյանի կողմից ասուլիսի ժամանակ հնչել են արտահայտություններ, որոնք հայցվորի կողմից դիտարկվել են որպես զրպարտանք։ Մենք գտնում ենք, որ տվյալ արտահայտություններով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը որեւէ կերպ չի զրպարտվել եւ չի վիրավորվել։ Նախորդ նիստին ես հարց ուղղեցի հայցվոր կողմին՝ արդյոք այդ արտահայտությունները վերաբերել են Հայկ Մարությանի կյանքի՞ն, թե՞ գործունեությանը, գործընկերս պատասխանեց՝ եւ՛ անձնական կյանքին, եւ՛ գործունեությանը։ Դա մեզ համար ընդունելի եւ հասկանալի չէ։ Արված արտահայտությունները վերաբերել են Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը։ Փաստ է, որ մեկ տարի առաջ Երեւանում եղել է աղբահանության լուրջվ խնդիր։ Սոնա Աղեկյանն ասել է, որ Երեւանում կան աղբի կույտեր, դրա մասին բոլորս գիտենք»,- ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչը։
Պատասխանող կողմի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե լիներ զրպարտչական արտահայտություն, ապա դա կլիներ ուղղված Երեւանի քաղաքապետին. «Դրանով կիրառելի են Եվրոպական դատարանի որոշումները։ Եվրոպական դատարանի որոշմամբ էլ, եթե դա եղել է քննադատություն՝ ուղղված քաղաքային իշխանությանը, ապա դա զրպարտություն չէ»։
Սոնա Աղեկյանն ասաց, որ ինքը արտահայտվել է որպես քաղաքական գործիչ եւ ունեցել բոլոր հիմքերը՝ քաղաքապետին քննադատելու համար.
«Մարությանը Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնում էր, որ աղբահանության խնդիրը լուծվելու է, սակայն պաշտոնը ստանձնելուց 10 ամիս չէր կատարում իր խոստումը։ Եթե հիշում եք՝ Նուբարաշենի աղբավայրում ա 2 կիրակի գնացել ու սելֆի էր անում ու ասում՝ աղբավայրն այլեւս լինելու է հեռավոր անցյալում։ Այդ 10 ամսվա ընթացքում նա հասցրեց 2 անգամ պարգեւատրել Կոմունալ վարչության պետին։ Մարությանն ուներ հնարավորություն Երեւան քաղաքի բյուջե տնօրինելու եւ ցանկության պարագայում քաղաքը 2019 թվականի վաղ գարնանից մինչեւ խոր աշուն չապրեր գարշահոտության մեջ»։
Հայցվոր կողմի ներկայացուցչի հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ էր, որ քաղաքապետարանում ստեղծվել էր կառույց, որով աղբատար մեքենաներ էր ձեռք բերել եւ դրանցով, երբ ծայրահեղ անհրաժեշտություն էր լինում եւ «Սանիթեքը» չէր մաքրում քաղաքի որեւէ հատվածը, ապա գործի էր դրվում այդ մեքենաները։
Աղեկյանը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել այդ ամենի մասին. «Որպես քաղաքական գործիչ, որպես երեւանցի իրավունք ունեմ գնահատողական կարծիք հնչեցնելու պաշտոնատար անձի վերաբերյալ, որը վերաբերում է նրա պաշտոնեական լիազորություններին»։
Պատասխանող կողմի հարցին՝ որտեղի՞ց է Աղեկյանը տեղեկացել, որ Կոմունալ վարչության պետը պարգեւավճարներ է ստացել, Աղեկյանն ասաց. «Սա չի վերաբերում դատարանում քննվող հարցին, չեմ պատասխանելու»։
Դատարանը հրապարակեց հայցի հիմքում առանձնացված 4 կետով արտահայտությունները.
«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մտել են իրենց գրասեղանների տակ եւ ասում են՝ տղամարդ եմ խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանիս տակից, բացահայտ կոռուպցիոն գործոն կա։ Աղբի այս կարգի շատացումը խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին, ես այստեղ հանցավոր պայմանավորվածություն եմ տեսնում, կոռուպցիայի հոտ է գալիս։ Երեւանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն։ Մենք այնքան գումար ենք ծախսում, որպեսզի այդ չինովնիկը կարողանա ապահովել աղբահանությունը, սակայն նա հանցավոր անգործություն է ցուցաբերում։ Այստեղից ոչ թե կոռուպցիայի հոտ է գալիս, այլ կոռուպցիան լցվել է Երեւանի քաղաքապետարան, այն հասել է աննախադեպ քանակի, եւ գործով քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»։
Պատասխանող կողմը պնդեց, որ հայցադիմումում առկա արտահայտությունները բացառապես գնահատողական դատողություններ են եղել։
Նշենք, որ քաղաքապետը պահանջում է պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցում։
.jpg)
.jpg)
.jpg)











