Նոր Օռլեանում ցուցարարները քանդել են ստրկատիրոջ կիսանդրին եւ նետել այն Միսիսիպի գետը։

Քաղաքի ոստիկանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Դանիել Միլերը հայտնել է, որ կիսանդրին տեղափոխվել է դեպի գետը բեռնատարով երկու մարդու կողմից։ Նրանք բերման են ենթարկվել։

Խոսքը վերաբերում է սպիտակամորթ ստրկատեր Ջոն Մաքդոնոգին, որը 15 տարի շարունակ հարստանում էր ստրուկների աշխատանքի հաշվին։

Համացանցում հայտնվել է կիսանդրին քանդելու տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է տղամարդը մուրճով առանձնացնում այն պատվանդանից հավաքվածների ուրախ բացականչությունների ներքո։ Մյուս կողմից պարանի միջոցով կիսանդրին գցում են գետնին։ Հաջորդ կադրերից մեկում երեւում է՝ ինչպես են ցուցարարները նետում այն գետը։