Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ազատ է արձակվել: Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան լայվով եւ հավելեց, որ բերման ենթարկվելիս մի շարք վնասվածքներ է ստացել:

«Ինձ շատ կոշտ ձեւով բերման ենթարկեցին, մի քիչ վնասվածքներ ստացա: Սա շատ լուրջ ահազանգ է, քանի որ չի կարող երկիրը իրավական լինելու հայտ ներկայացնի եւ իրավապաշտպաններին նման կերպով բերման ենթարկի: Հարգելի իշխանություններ, ռեպրեսիաներ անելուց պատրաստեք ոստիկանական բաժանմունքներին, ոստիկանական բաժինները պատրաստ չէին ռեպրեսիաների` հնարավոր չէր սոցիալական հեռավորությունը պահպանել, թղթաբանությունը երկար էր տեւում»,- ասաց նա:

Նա նշեց, որ Շենգավիթի բաժնում մոտ 20 բերման ենթարկված կա:

Նշենք, որ ԱԱԾ շենքի մոտից մոտ 100 քաղաքացիների են ոստիկանները բերման ենթարկել: