Այժմ մեկնում եմ իրադարձությունների կենտրոն, այսինքն ԱԱԾշենքի մոտ, իսկ մեր պատգամավորները այժմ գնում են տարբեր ոստիկանական բաժանմունքներ, որտեղ մարդիկ բերման են ենթարկվել։ Այս մասին՝ այսօր՝ հունիսի 14–ին, մինչև ԱԱԾ շենքիմոտ գնալն ու բերման ենթարկվելը ֆեյսբուքյան էջում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Արդեն իսկ ակնհայտ է, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ։ Մենք տեսնում են, թե ինչպիսի ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Իհարկե, մենք հայտարարեցինք եւ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հրավիրել է հրատապ նիստ եւ քաղաքական գնահատականները, կարծում եմ, կտրվեն ըստ իրադարձությունների։ Բայց ինչ վերաբերում է ոստիկանական գործողությունների գնահատականին, մեր տեսակետը միանշանակ է, այն, ինչ իրականացնում են թե՛ առանձին քաղաքացիների նկատմամբ, թե՛ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այն անհամաչափ ուժը, որ կիրառվում է, պետք է անմիջապես դադարեցվի եւ ստանա իր գնահատականը»,– ասաց նա։
Ավելի ուշ՝ արդեն ԱԱԾ–ի մոտ լրագրողների հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ներառյալ հնչել են տարբեր ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ։ Հիմա կարծես թե հետհեղափոխական Հայաստանում հուշագիր կնքելուց երկու տարի անց իշխանությունը հիշել է, որ ընտրակաշառք է բաժանվել։
«Եթե դա դե յուրե ապացուցվի, ես դրա հետ կապված որեւէ առարկություն կամ խնդիր չունեմ։ Բայց նույնիսկ այն պահին, երբ դա ապացուցվի եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցները կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները գան այստեղ եւ նրանց նկատմամբ անհամաչափ բռնություն կիրառվի, ինչպես տեղի ունեցավ այսօր, ես կրկին պատրաստակամություն եմ ունենալու գալու այստեղ, որովհետեւ իրավական գործընթացը, իրավական պետությունը չի ենթադրում, որ մենք պիտի աչք փակենք նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը կատարել է առերեւույթ հանցանք, եւ իր աջակիցները փորձում են խաղաղ ակցիաների միջոցով արձագանքել, եւ մենք լռենք, ասենք նորմալ է, երբ որ ոստիկանները բռնություն են կիրառում»,– ասաց նա։
Հարցին՝ եթե Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի, «Լուսավոր Հայաստանը» ունի՞ կաշկանդվածություն որոշում կայացնելու, Խաժակյանը պատասխանեց.
«Մեր խմբակցությունը չունի որեւէ կաշկանդվածություն ո՛չ «Իմ քայլի» որեւէ պատգամավորի հետ կապված, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որեւէ անդամի հետ կապված։ Երբ այդ տրցակը խմբակցությունը ստանա, եւ հնարավորություն ունենա գնահատական տալու, իր դիրքորոշումը կարտահայտի։ Քաղաքական գործընթացը եւ իրավական գործընթացը ունեն հստակ սահմանագիծ, որը մենք մեր գնահատականով կգծենք։ Բայց մեկը մյուսի հետ պետք չէ կապել, եւ նույնիսկ եթե ինչ-որ մի օր իշխանությունները հիշեն, որ մեկ այլ ընդդիմադիր գործչի հետ կապված եւս խնդիրներ կան, եւ տեղի ունենան այսպիսի ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանությունը բռնություն կիրառի, ես եւ մեր կուսակցությունը կրկին գտնվելու ենք այդտեղ։ Իսկ քաղաքական գնահատականի մասով կուսակցության խորհուրդը առանձին գնահատականով եւ գուցե հայտարարությամբ հանդես կգա։
«Ազատության» լրագրողի դիտարկմանմը, թե կաշառք բաժանող ԲՀԿ-ի հետ «Իմ քայլը» հուշագիր ստորագրեց, բայց դուք էլ այդ իշխանության հետ կառավարություն եք կազմել, Խաժակյանը պատասխանեց.
«Կառավարության մաս այդ ուժի հետ չի կազմել «Լուսավոր Հայաստանը»։ Եղել է ձեւավորված կառավարություն «Իմ քայլի կողմից», որը պետք է լիներ անցումային եւ դրանից հետո պետք է իրականացվեին խորհրդարական ընտրությունները։ Այն պահից սկսված, երբ տրվեց խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զատվեց «Իմ քայլից՞, հետագայում ծավալեց իմ գործունեւությունը եւ հետագայում իշխանությունների կողմից տեղի ունեցան գործընթացներ, որոնք երկիրը գնալով հետ են տանում եւ բնականաբար մենք դրանք արձագանքում ենք»։











