Եթե որեւէ մեկը կատարել է այնպիսի գործողություն, որին պետք է հետեւեն իրավական գործընթացներ, ապա ժողովրդավարական իշխանությունը պետք է անմիջապես դրան հակադարձի եւ դա որպես կոմպրոմատ չպահի։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, ԱԱԾ–իմոտ լրագրողների հետ զրույցում մինչև բերման ենթարկվելը ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը տիրապետել է այդպիսի տրցակների եւ գործողություն չի իրականացրել, ապա նա սպասել է կոմպրոմատային պայքարի հարմար պահին, որը կարծես թե իր համար դարձել է հենց սա»,– ասաց նա։
Լրագրողի հարցին՝ չե՞ք զարմանում, որ ՀՀԿ-ի նկատմամբ մինչեւ հիմա ընտրակեղծիքով պրոցես չկա, Խաժակյանը պատասխանեց.
«Չեմ բացառում, որ իշխանությունների թղթապանակներում կան առանձին անհատների վերաբերյալ այդպիսի փաստաթղթեր, որոնք հավանաբար իրենք կսկսեն վեր հանել հարմար պահին։ Խորհրդարանում վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ իշխանությունը ի ցույց դրեց ոլորտները ձախողելու իր դրսեւորումները, բնականաբար, հռետորաբանությունը որոշակի փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը եւ այս իշխանութունները չխորշեցին անգամ մեր պատգամավորի անձնական կյանքի դրվագներ մտնել, որպեսզի նեգատիվ ալիք ստեղծեն։ Եվ այդ իմաստով ես չեմ զարմանա, եթե իրենք տրցակներ ունեն շատ-շատ ձեր նշած ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, ոոնց վերհանման հարմար պահի են սպասում։ Այդ գործելաոճը բնորոշ չէ ժողովրդավար պետության, իշխանության գործելաոճին, դա ավտորիտար հակաօրինական գործելաոճ է, որը մեզ օտար է եւ ում էլ դա վերաբերվի, որ ուժին էլ վերաբերի, մենք պատրաստ ենք այդ գնահատականը տալ։ Արտակարգ իրավիճակ ես հայտարարում, անունը դնում ես, որ պատերազմական իրավիճակ է եւ ասում ես, որ համավարակը պետք է անցնի, եկեք չեզոքություն ցուցաբերենք, հարուցում ես մի գործընթաց, որի հետեւանքը հարյուր տոկոսով գիտես, որ այսպիսի մասսայական հավաքներն են, եւ հետո ասում ես՝ արտակարգ դրություն է, դուք իրավունք չունեք հավաքվելու»։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի հայտարարությանը մեկշաբաթյա ԱԺ նիստերի գործընթաց է հետեւել, իշխանականները հնարավորություն են ունեցել հարցեր հղելու ԲՀԿ ներկայացուցիչներին։
«Համոզված եմ՝ որեւէ մեկդ չեք լսել, որ կա պնդում, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ԲՀԿ պահանջով պետք է հրաժարական տա։ Այդպիսի պահանջ չի հնչել, եւ այդ պատճառով դա ընկալել ենք որպես քաղաքական գնահատական, որը եւս իշխանությունները չեն հանդուրժել, որովհետեւ մեր իշխանությունները այդպիսի ընդդիմախոսություն չեն հանդուրժում եւ պատրաստ են նման դեպքերում անգամ անձնական կյանք մտնել։ Քրեական գործը չեմ ասում, այսինքն դա նորմալ է, երբ դու քրեական գործ ես հարուցում, բայց նորմալ չէ, երբ դու այդ փաստաթուղթը ունես, բայց պահում ես մի հարմար պահի, երբ ավելի հարմար կլինի ընդդիմախոսին լռեցնելու»,– ասաց նա։
Խաժակյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ իշխանությունների վարած քաղաքականությունը համաճարակային պայմաններում եղել են թերի, հանգեցրել ձախողումների։
«Երկու տարի էլ անցել է, տեսնում ենք, որ որեւէ ոլորտում էական բարեփոխում չի իրականացվել, եւ իշխանությունը հասկանում է, որ դրա հետ կապված թե՛ իր վարկանիշն է խնդիր ունենում, թե՛ շատուշատ այլ բաներ, իսկ երբ ավտորիտար իշխանության վարկանիշը նվազում է, նա ի՞նչ պետք է անի, վերահսկողական գործիքներ սահմանի, արտակարգ դրություն սահմանի այն ժամանակ, երբ դրա իրավական ձեւակերպումները բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Հակահամաճարակային կանոնների պահպանումը մի բան է, արտակարգ իրավիճակի եւ ԲՏՌ-ների, ինչպես իրենք արեցին, զրահատեխնիկա փողոց հանելը մեկ այլ բան է։ Փաշինյանը կամ այս իշխանությունը երեւի ինչ տեսել են, դա են սովորել, արտակարգ դրությունը միայն այն չէ, որ պետք է զրահատեխնիկան փողոց հանես, ինչպես իրենք արեցին։ Եթե հակահամճարակային կանոններ են, եկեք պահպանենք դրանք։
Ես կարծում եմ, որ իշխանությունների վարկանիշը ապրում է ազատ անկում, որի պահող բան երեւի մնում են միայն այսպիսի գործընթացները, եւ մենք դրանք գնալով ավելի շատ ենք տեսնելու»,– ասաց նա։











