Ընդամենը փորձել եմ Հայաստանի շահերից ելնելով բացատրել, որ ձերբակալելը ոչ միայն պարզապես ապօրինություն է, այլև խայտառակագույն ապօրինություն,  հենց այդ պահին բավականին կոշտ կերպով մի քանի հարվածներով, քերծվածքներով ինձ ենթարկեցին վարչական ձերբակալման։ Այս մասին այսօր` հունիսի 14-ին ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով մի քանի ժամ առաջ իրեն  բերման ենթարկելուն:

«Տեղեկանալով, որ ընթանում են ինչ-որ պրոցեսներ, առերևույթ քաղաքական հետապնդում ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորների նկատմամբ և, տեղեկանալով, որ ինքնաբուխ հավաք է տեղի ունենում, մեկնել եմ այնտեղ և որպես դիտարկող հետևել եմ ընթացող իրավիճակին, տեսագրել, թե ինչպես են ոստիկանները կոշտ ուժ կիրառում պատգամավորներին ազատությունից զրկելու համար»,- ասել է իրավապաշտպանը:

Մելիքյանի խոսքով` Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին պետք է տեղեկացնել, թե ինչպես են վերաբերվում խաղաղ ցուցարարներին, մանավանդ պատգամավոր կանանաց, որոնց գետնին գցելով` փորձում են ձերբակալել.

«Եկել էի այստեղ, որ հասկանամ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա՞ որևէ մեկը Եվրոպական Միությունից, թե` ոչ, Եվրոպա մնացե՞լ է Հայաստանում, թե ոչ, թե մենք գործ ունենք ՀՀ-ում բռնատիրական կարգերի հետ: Պետք է հասկականք` արդյոք եվրոպական կառույցները շարունակո՞ւմ են մնալ եվրոպական, թե ինչ-որ մարդկանց տեսակների համար է սա նախատեսված,- ասել է Ռուբեն Մելիքյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխանությունների գործողություններն ինքնանպատակ չեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.

«Ինքնանպատակ տերմինը չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ, մենք գործ ունենք ակնհայտ ռեպրեսիաների հետ, հիմա արդեն բոլորի համար հասկանալի է, թե ինչու էին արգելում խաղաղ հավաքները, Հայաստանում արդեն 3 ամսից ավելի է, ինչ արգելվում էն խաղաղ ցույցեր իրականացնելը:

Հույս ունեմ, որ գոնե այսքանից հետո Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները շատ արագ միջոցներ կձեռնարկեն այդ ինստիտուտները սահմանադրական վերահսկողության ենթարկելու վերաբերյալ: Հույս ունեմ, որ այս հրահանգը տվողները շատ շուտ  պատասխանատվության կենթարկվեն` չնայած դա հիմա երկրորդական եմ համարում:

Մենք կամաց-կամաց բռնատիրության ենք գնում: Այս ամենի հետ ես համաձայն չեմ: Հիմա եկել եմ այստեղ` հասկանալու`արդյո՞ք Հայաստանում կա Եվրոպա, թե՞  միայն այս դրոշն է մնացել այստեղ»,- ասել է իրավապաշտպանը: